Ծրագրային մշակմամբ զբաղվող ամերիկյան Adobe Systems ընկերությունը նախագծում է լուսանկարների հետ աշխատանքի համար նախատեսված Lightroom համակարգչային ծրագրի պլանշետային տարբերակը, հաղորդում է Mashable-ը:
Պլանշետների համար նախատեսված Lightroom բջջային ծրագրի նախնական տարբերակն ընկերության մենեջեր Թոմ Հոգարթին ներկայացրել է մայիսի 1-ին` լուսանկարների հարցերին նվիրված Grid օնլայն միջոցառման շրջանակում: Բջջային ծրագիրը ցուցադրվել է iPad 2 պլանշետի օգնությամբ:
Նշենք, որ Lightroom-ի գործառույթների ամբողջական ցուցակը չի ներկայացվել, սակայն հայտնի է, որ այն հնարավորություն կտա մշակել RAW ձևաչափի նկարներ և ամպային ծառայության միջոցով Lightroom-ի համակարգչային տարբերակի հետ տվյալներ փոխանակվել: Այդպիսով, օգտագործողը, լուսանկարը մշակելով պլանշետի օգնությամբ, վերադառնալով տուն, հնարավորություն կունենա տեսնել կատարված փոփոխություններն իր անհատական համակարգչում:
Լուսանկարների RAW ձևաչափի հետ աշխատելու համար Lightroom ծրագրում կիրառվում է Smart Previews տեխնոլոգիան, որը գործում է Lightroom 5 բետա տարբերակում: Այն հնարավորություն է տալիս աշխատել RAW ձևաչափի փոփոխված լուսանկարների հետ` կիրառելով այդ փոփոխությունները նաև բնօրինակի վրա:
Lightroom բջջային ծրագրի թողարկման ժամանակացույցը դեռ գաղտնի է պահվում:
Հիշեցնենք, որ Adobe-ն արդեն թողարկել է լուսանկարների հետ աշխատելու համար նախատեսված Photoshop ծրագրի Photoshop Touch բջջային տարբերակը:
Civilnet











