Լուսանկարը` ՍիվիլՆեթի
Երևանի ավագանու ընտրություններում պայքարն ավելի սուր է, քան նախագահականի դեպքում էր: Մայիսի 3-ին ՍիվիլՆեթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ դա պայմանավորելով այս ընտրություններին քաղաքական գրեթե բոլոր ուժերի մասնակցությամբ, որոնց ռեսուրսներն ու ամբիցիաները լրացուցիչ սրություն են հաղորդում պայքարին:
Անդրադառնալով Freedom House իրավապաշտպան կազմակերպության վերջին զեկույցին, ըստ որի՝ Հայաստանը բարելավել է իր դիրքերը 4 կետով, սակայն մնացել է մասամբ ազատ մամուլով երկրների շարքում՝ Նավասարդյանը նշեց, որ այդ սահմանումները պայմանական են և պետք չէ մեծ ուշադրություն դարձնել համանման զեկույցներին, քանի որ այդ կազմակերպությունների կողմից օգտագործվող չափորոշիչներն ընդհանուր են բոլոր երկրների համար:
«Հայաստանում լրատվամիջոցները ստիպված են հաշվի առնել նաև բիզնես շրջանակների ու քաղաքական կառույցների շահերը, քանի որ կախված են դրանցից»,- ասաց Նավասարդյանը՝ նշելով, որ չնայած կա ազատ խոսքի համար որոշակի միջավայր, սակայն առանձին ազատ գործող սուբյեկտներ դժվար է գտնել:
«Պրոֆեսիոնալ լրագրողները պետք է ավելի գրավիչ լինեն, քան սպամային լրատվամիջոցները և պետք է ապացուցեն, որ չեն սպասարկում նեղ շահերի»,- ասաց նա:
Խոսելով լրագրողների նկատմամբ ընտրարշավի ընթացքում կիրառված բռնության մասին՝ Երևանի մամուլի ակումբի նախագահը նշեց, որ երկար տարիների ընթացքում եղել են բռնություններ և դրանք անխուսափելի են, սակայն Հայաստանում գրանցված բռնությունների առանձնահատկությունները, ըստ նրա, պայմանավորված են նրանով, որ որևէ մեկը չի պատժվում կամ պատժվելու դեպքում էլ պատիժը խորհրդանշական է լինում:
«Հայաստանում կա համակարգ, որն ավելի հզոր է, քան իրավապահ մարմինները կամ պետությունը»,- ասաց նա:
Նավասարդյանի համոզմամբ` Հայաստանում ամենաազատ լրատվամիջոցի տեսակը օնլայն մեդիան ու սոցցանցերն են, որոնք բովանդակության առումով ավելի բազմազան են լուսաբանում դեպքերը և իրենք են աղբյուր դառնում մյուս ավանդական լրատվամիջոցների համար:
Civilnet











