Ես չեմ կարող բաներ ասել, որոնց չեմ հավատում, իսկ եթե համոզված եմ, ես դա ասելու եմ այնքան, քանի դեռ դրան չենք հասել. Երևանի «Ազնավուրի» հրապարակում Հայ Յեղափոխական Դաշնակցության՝ Երևանի ավագանու ընտրությունների եզրափակիչ հանրահավաքում նշեց ավագանու ՀՅԴ ցուցակը գլխավորող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
«Երեկ Ջրվեժում մի ծերունի ինձ ասաց. «Ես երբեք Դաշնակցությանը չեմ ընտրել ու չեմ ընտրելու»: Ասացի. «Ինչո՞ւ, գո՞հ եք ձեր վիճակից»: Ասաց. «Չէ, օր առաջ, ձեռս ճար լիներ, կգնայի էս երկրից»: Ասացի. «Իսկ մտքովդ չի՞ անցել, որ վատ է վիճակը, քանի որ ոչ մի անգամ Դաշնակցությանը չեք ընտրել»: Ասեց. «Յա, տղա, մտահոգեցիր»»,- պատմեց Ռուստամյանը՝ հիշեցնելով, որ միայն մեկ անգամ 1918թ-ին է ժողովուրդը վստահել Դաշնակցությանը, և ունեցել իր Առաջին Հանրապետությունը:
Հիմա, նրա բնորոշմամբ, յուրացրել են ողջ երկիրը, ու փշրանքների ձևով շպրտում են երբեմն, և ով որ «նախագահի շուրջը չի գտնվում մի մետրի հեռավորությամբ, տեղ չունի այս երկրում»: «Մենք պարտավոր ենք էս վիճակը փոխել: Եթե չենք ուզում ևս չորս-հինգ տարի սպասենք, որ անցնցում լինի իշխանափոխություն, ուրեմն եկեք դա անենք հիմա,- ասաց նա:- Ես ձեզ վստահաբար ասում եմ՝ մենք կարող ենք իշխանափոխության հասնել՝ Երևանում փոխելով քաղաքապետին: Եթե այս մղձավանջից դուրս գալու քայլ կա, որ կարելի է անել առանց ցնցումների, ուրեմն պիտի անենք դա»:
Նրա խոսքով՝ Դաշնակցությունն այսօր իր առջև չի դրել մանդատներ ունենալու կամ պաշտոններ ունենալու խնդիր: «Ո՞ւմ են պետք էդ մանդատները: Ունի՞ ընդդիմությունն այսօր մանդատներ, ունի: Ի՞նչ է անում: Ոչինչ: Կարելի՞ էր թեկուզ փոքր թվով գործ անել: Կարելի էր, չի արվում»,- նշեց նա:
Նա նշեց, որ մեծապես վստահում է ժողովրդի իմաստությանը, թեպետ «փորձը ցույց է տալիս, որ ժողովուրդը համախմբվում է միայն այն ժամանակ, երբ դանակը ոսկորին է հասնում: «Էս անգամ չթողնենք բանը դրան հասնի, հինգ րոպե տրամադրենք, գնանք, հինգ համարին քվեարկեն, և հինգ օր հետո կունենանք մեր երազած վիճակը»:
Civilnet











