Մենք պայքարում ենք իշխանությունը վերցնելու համար, և պայքարում ենք [մյուս ընդդիմադիր ուժերի հետ] միասին. այս մասին նշեց Երևանի ավագանու ընտրություններում «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ցուցակը գլխավորող Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը «Ա1+»-ի հյուրասրահում: «Շատ կարևոր է, որ մեր պայքարը միասնական լինի, և որ մեր միասնական ասելիքն ու անելիքը շարունակենք նաև ընտրություններից հետո: «Սիվիլիթաս»-ի կազմակերպած հանդիպմանը մենք հայտարարել ենք միասին աշխատելու պատրաստակամության մասին և պատրաստ ենք ստորագրել, սակայն առավել կարևոր է մեր խոսքի գինը, մանավանդ, որ դուք՝ լրագրողներդ, կաք և արձանագրել եք այդ ամենը»,- ասաց նա:
Վահագն Խաչատրյանը նշեց, որ ընդդիմադիր քաղաքապետի հետ գուցե թե կդժվարանա աշխատել հանրապետական իշխանությունը: «Թող իրենք մտածեն, թե ինչպես են հարաբերվելու ընդդիմադիր քաղաքապետի հետ: Եթե ժողովուրդը կատարի նման ընտրություն, և դա կատարելու է, ապա քաղաքապետին խանգարելուց, հավատացնում եմ, միայն իշխանությունը կտուժի»,- նշեց նա:
Քաղաքապետ-իշխանություն մրցակցությունը կարող է բերել սուր պայքարի, սակայն առավել հավանական է, որ այն առավել արդյունավետ աշխատելու հնարավորություն կստեղծի, ինչպես նաև փոխադարձ աչալուրջ վերահսկողության պայմաններում առավել մեծ հնարավորություն կստեղծի խուսափել «ատկատների համակարգից»:
Civilnet











