Երևանում սկսվեց լռության օրը: Ապրիլի 7-ից մեկնարկած Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավն ավարտված է:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել և ԿԸՀ-ի կողմից գրանցվել 7 քաղաքական ուժ՝ 6 կուսակցություն և 1 դաշինք:
Ընտրացուցակի առաջին հորիզոնականում է Առաքելություն կուսակցությունը, որ ներկայացրել է 29 թեկնածուից բաղկացած ցուցակ. այստեղ առաջին երեք հորիզոնականներում են կուսակցության քաղաքական խորհրդի անդամներ Մեսրոպ Առաքելյանը, Մանուկ Սուքիասյանը և Հրաչյա Սարգսյանը:
Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակում 194 թեկնածու է ներկայացված: Ցուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը, երկրորդը Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանն է, երրորդը՝ ԱԺ պատգամավոր Աբրահամ Մանուկյանը:
«Բարև Երևան» դաշինքի ընտրական ցուցակում 64 թեկնածու է ներկայացված: Ցուցակը գլխավորում է Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, երկրորդը նույն կուսակցության վարչության անդամ Անահիտ Բախշյանն է, երրորդը՝ Մեսրոպ Մովսեսյանը։
Հայ ազգային կոնգրես կուսակցության ընտրական ցուցակում ներկայացված է 42 թեկնածու: Ցուցակի առաջին երեք հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցնում են Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, Զոյա Թադևոսյանը և Արման Մուսինյանը:
Հայ յեղափոխական դաշնակցություն կուսակցության ցուցակում 65 թեկնածու է ներկայացվել: Ցուցակը գլխավորում է ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը, երկրորդը ԱԺ «ՀՅԴ» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն է, երրորդը՝ ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը։
Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված է 195 թեկնածու: Առաջին երեք տեղերը զբաղեցնում են Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անկուսակցականներ` Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը:
Օրինաց երկիր կուսակցության ցուցակում ներկայացված թեկնածուները 105-ն են: Ցուցակը գլխավորում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, երկրորդը վարչության անդամ, Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանն է, երրորդը՝ բանաստեղծուհի, ուսուցչուհի Սոֆյա Արթենյանը:
Մայիսի 5-ին Երևանի ընտրատեղամասերը կբացվեն ժամը 8:00-ին, քվեարկությունը կավարտվի ժամը 20:00-ին:
Civilnet











