Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան ներկրված ավտոմեքենաների մոտ 62%-ի միջին տարիքը գերազանցել է 10 տարին։ Հին ավտոմեքենաների ներկրումը պայմանավորված է մի կողմից բարձր մաքսավճարներով, մյուս կողմից՝ նվազող գնողունակ պահանջարկով։
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է ներկրվել մոտ 8,3 հազ. ավտոմեքենա, ինչը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 21%-ով։ Ավտոմեքենաների ներկրման ծավալների երկնիշ աճի պայմաններում մաքսազերծումից գանձված գումարներն ավելացել են ընդամենը 5,2%-ով՝ կազմելով Դ8,6 մլրդ։
Մեքենաների քանակի և գանձվող գումարների անհամաչափ աճի արդյունքում ստացվել է, որ եթե անցած տարվա առաջին եռամսյակում մեկ մեքենայից միջինը գանձվում էր Դ1,2 մլն, ապա այս տարի ցուցանիշը կազմել է Դ1 մլն։ Պատճառը էժան ավտոմեքենաների (տարիքը գերազանցում է 10 տարին) ներկրման ծավալների կտրուկ ավելացումն է։
Պետական եկամուտների կոմիտեի վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան ներկրված ավտոմեքենաների 61,7%-ի (5,12 հազ.) մաքսային արժեքը չի գերազանցել $5 հազ-ը։ Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ էժան ավտոմեքենաների թիվն ավելացել է 1,33 հազ-ով կամ 35%-ով։
Ըստ ՊԵԿ-ի տվյալների՝ այս տարի ներկրված ծավալների աճը 93%-ով ապահովել են հենց էժան ավտոմեքենաները։ Մտահոգիչ է ոչ միայն ներկրված ծավալներում անցած տարվա համեմատ էժան ավտոմեքենաների մասնաբաժնի 7-տոկոսային կետով ավելացումը, այլև այն, որ 42%-ով կրճատվել է $30 հազ-ը գերազանցող մաքսային արժեքով ավտոմեքենաների թիվը (ներկրվել է 400 ավտոմեքենա)։
Էժան ավտոմեքենաներով Հայաստանի ավտոպարկի համալրման հիմնական պատճառը բարձր մաքսատուրքերն են ու բնակչության գնողունակության նվազումը։
Գնողունակության նվազման մասին է վկայում թերևս այն, որ ներքին շուկայում ցածր դասի ավտոմեքենաների միջին գինը մեկ տարվա ընթացքում նվազել է 10%-ով։ Նվազումը, սակայն, տեղի է ունեցել ոչ թե մաքսատուրքերի փոփոխության կամ վերավաճառողների միջնորդավճարի կրճատման, այլ ավտոմեքենաների որակի հաշվին։
Խնդիրն այն է, որ այսօր մաքսազերծման ժամանակ հաշվի է առնվում միայն մեքենայի տարեթիվը և շարժիչի հզորությունը և ոչ թե մաշվածության աստիճանը։ Ըստ մաքսային կարգերի՝ մինչև 5 տարեկան մեքենաների մաքսազերծման գումարը կազմում է արժեքի 32%-ը, մինչև 10 տարվա մեքենաներինը՝ 34%-ը, 11-15 տարվա մեքենաներինը՝ 42%-ը, 15 տարուց հին մեքենաներինը՝ 52%-ը։ Այս պայմաններում քաղաքացիներն արտաքին շուկաներից ձեռք են բերում տարեթվով համեմատաբար նոր, սակայն հնարավորինս էժան ավտոմեքենաներ։ Ցածր գինն ապահովվում է մաշվածության բարձր աստիճանի հաշվին։
Գնողունակ պահանջարկի բացակայության պայմաններում բարձր մաքսատուրքերը նպաստում են, որ Հայաստանը կարճ ժամանակահատվածում վերածվի ավտոմեքենաների գերեզմանոցի։ 2007թ., երբ հին ավտոմեքենաների համար օրենսդրորեն բարձր բնապահպանական վճարներ էին սահմանվում, նշվում էր, որ այդ քայլն ուղղված է ներքին շուկան հին ավտոմեքենաների ներկրումից պաշտպանելուն։ Ինչպես ցույց է տալիս ժամանակը՝ հենց բնապահպանական վճարներն են խթանում հին ավտոմեքենաների ներկրումը։
Ի դեպ՝ բանկերի ավտովարկերի պորտֆելը վկայում է, որ այս պրոդուկտը Հայաստանում կարծես մեծ պահանջարկ չի վայելում։ Մյուս կողմից՝ բանկերը ևս չեն փորձում զարգացնել այն։ Համաձայն Կենտրոնական բանկի վիճակագրական տվյալների՝ այս տարվա առաջին եռամսյակում բանկերի ավտովարկերի պորտֆելը նվազել է 1,5%-ով։
Civilnet











