Չնայած սուպերմարկետների թվի նվազումը դրական է անդրադարձել փոքր և միջին խանութներում առևտրի ծավալների ավելացման վրա, վերջիններս միշտ չէ, որ դիմացել են մրցակցությանը։ Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում խանութների թիվը Հայաստանում 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 1287-ով, որից 98%-ը՝ մինչև հինգ աշխատող ունեցող։
Ըստ Ազգային վիճակագրական ծառայություն (ԱՎԾ) տվյալների՝ այս տարվա մարտի վերջին խանութների թիվը կազմել է 10970, անցած տարվա մարտի 12257-ի, ու դեկտեմբերի՝ 14163-ի դիմաց։ Ըստ էության, այս հունվար-մարտին խանութների թիվը նվազել է 3,2 հազ-ով կամ 22,5%-ով։ Տարեկան կտրվածքով կրճատումն ավելի համեստ է եղել՝ 1,28 հազ-ով կամ 11%-ով։ Ընդ որում՝ աշխատակիցների թիվը նվազել է 1,75 հազ-ով կամ 5%-ով։ Խանութների փակման հիմնական պատճառը մրցակցությունն է։
Այս տարվա առաջին եռամսյակում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընդհանուր առևտրի ծավալն աճել է 22%-ով։ Բացի այդ, «Սթար» առևտրային ցանցում ձևավորված իրավիճակը նպաստել է, որ բոլոր տեսակի խանութներում տեղի ունենա առևտրի ծավալների աճ։ Ուշագրավ է, որ այս սուպերմարկետի հաճախորդները նախընտրել են ոչ թե առևտրային մյուս խոշոր ցանցերը, այլ հիմնականում միջին չափի խանութները։
Այսպես, եթե անցած տարվա առաջին եռամսյակում 30-ից ավելի աշխատող ունեցող 165 խանութների միջոցով իրականացվել է մանրածախ առևտրի 60%-ը, ապա այս հունվար-մարտին 146 խոշոր խանութներին բաժին է ընկել ծավալների 56,9%-ը։ Ստացվում է, որ մանրածախ առևտրի ոլորտում խոշոր խանութների մասնաբաժնի նվազումը պայմանավորված է նրանց քանակի կրճատումով։
ԱՎԾ-ի տվյալներից երևում է, որ մանրածախ առևտրի մոտ 90%-ը կատարվում է Երևանում։ Բացի այդ՝ մայրաքաղաքում է գտնվում Հայաստանի խոշոր խանութների 97%-ը, որոնց բաժին է ընկնում ընդհանուր առևտրի 62,9%-ը։
Civilnet











