«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը հաղորդում է, որ ժամը 12:00-ի դրությամբ՝ գրանցվել են բազմաթիվ խախտումներ, որոնք առնչվում են ընտրատեղամասերում ՀՀԿ անդամների գործունեությանը:
Այսպես՝ 13/26 տեղամասում` Հաստոցանորմալ գործարան, Մահարու փ., ՀՀԿ-ական հանձնաժողովի անդամը ահաբեկել է «Ժառանգության» հանձնաժողովի անդամին, ասելով` «Էս անգամ քեզ խելոք կպահես»: Միջադեպի վերաբերյալ կազմվել է արձանագրություն:
13/27 ընտրատեղամաս` թիվ 67 մանկապարտեզ` Վարդաշեն, մուտք գործած ՀՀԿ անդամ ներկայացած Զավեն Սարգսյանը, հարբած վիճակում հայհոյել և սպառնացել է դիտորդներին, որից հետո նրան են միացել ևս մի քանի անհայտ անձինք, որոնք նույնպես սպառնալիքներ են հնչեցրել: Առկա են մեծ կուտակումներ և իրավիճակը տեղամասում անվերահսկելի է:
13/20 տեղամասում` 18 մանկապարտեզ, Արցախի փ., ՀՀԿ անունից ընտրական հանձնաժողովի անդամներին բաժանվել է սնունդ և ընպելիք:
07/29 տեղամասում հանձնաժողովի կազմում փորձ է կատարվում փոփոխություն անել՝ փոխարինելով ՀՀԿ-ական անդամին մեկ այլ ներկայացուցչով:
07/15 տեղամասում (գյուղխորհրդի շենք, Հաղթանակ` 6), դիտվում են մարդկանց կուտակումներ և տեղամասի հարակից տարածքում առկա է հիսունից ավել մարդ: Կատարվում է ուղղորդված քվեարկություն: 72 եւ 82 համարի երթուղային տաքսիներներով մարդկանց բերում են ընտրատեղամասեր, այդ հարցով ոստիկանները համագործակցում են հանձնաժողովի նախագահի հետ, ով ՀՀԿ-ական է: Մեկ հոգի ուներ երկու քվեաթերթիկ: Դիտորդի տպավորությամբ` ակնհայտ անգործունակ մարդկանց են ուղղորդում: Հանձնաժողովի նախագահը միջոցներ չի ձեռնարկում իրավիճակը շտկելու համար:
07/16 տեղամասում` 113 դպրոց, Հաղթանակ փ., հանձնաժողովի անդամը (ՀՀԿ) գոռացել է դիտորդի վրա, փորձել է դուրս հրավիրել տեղամասից, դիտորդը հանձնաժողովի նախագահից պահանջել է, որպեսզի քարտուղարն արձանագրի իր իրավունքներին ոչ իրավաչափ միջամտության փաստը, սակայն, վերջինս հրաժարվել է. խոչընդոտվել է դիտորդի աշխատանքը:
Civilnet











