«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը հաղորդում է, որ ժամը 14:10-ի դրությամբ ստացվել են մի շարք ահազանգեր այն մասին, որ ընտրողներն իրենց հետ գրիչներ են բերում: Նման դեպքեր հատկապես շատ են գրանցվել 12-րդ ընտրատարածքի մի շարք տեղամասերում: Արձանագրվել են նաև քվեատուփի մեջ մեկից ավելի ծրար գցելու դեպքեր:
Այսպես՝ 12/25 տեղամասում` թիվ 75 դպրոց, կրկնակի քվեարկության` դիտորդների նկարահանումները և տեղաշարժը սահմանափակվել են հանձնաժողովի քարտուղարի կողմից: Դիտորդներից պահանջում են նստել ԶԼՄ ներկայացուցիչների ու դիտորդների համար «նախատեսված» տեղամասում:
08/23 տեղամասում` թիվ 191 դպրոց, Բ-3 թաղամաս, քաղաքացին փորձել է քվեատուփ նետել մեկից ավելի քվեաթերթիկ, որի առթիվ հանձնաժողովի նախագահը քվեասենյակ է հրավիրել ոստիկանության ներկայացուցչին, կազմվել է արձանագրություն:
12/06 տեղամասում` թիվ 41 մանկապարտեզ, Նժդեհի փ., գրանցվել է քվեարկության գաղտնիության խախտում:
12/25 դիտորդը նկատում է, որ որոշ ընտրողներ քվեախցում իրենց մոտից գրիչներ են հանում` քվեարկում, ապա իրենց բերած գրիչները տանում են իրենց հետ: Դիտորդը այս հարցով դիմել է հանձնաժողովի նախագահին՝ պահանջելով արձանագրել այն: Հանձնաժողովի նախագահը հրաժարվել է արձանագրել, պահանջելով դիտորդներից` հեռու լինել քվեախցից առնվազն 3 մետր: Ի դեպ իրենց հետ բերված գրիչներով քվեարկելու բազմաթիվ ահազանգեր ստացվում են 12-րդ ընտրատարածքի մի շարք տեղամասերից:
08/23 տեղամասում քվեարկության քվեատուփին մոտենալիս քաղաքացին փորձել է 3 ծրար գցել տուփը, սակայն բռնվել է, այժմ ոստիկանությունը տեղում է 7 արձանագրություն է կազմում միջադեպի կապակցությամբ:
13/30 տեղամասում դիտորդի վրա գործադրվող շարունակական ճնշումների պատճառով և դիտորդի իրավունքները վերականգնելու խնդրանքով Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը այսօրվա թվով 3-րդ բողոքն է հղել ՀՀ ԿԸՀ նախագահ Տ.Մուկուչյանին: Բոլոքն ուղարկվել է էլեկտրոնային նամակով:
13/30 տեղամասում առավոտյան քվեարկել են մարդիկ, ովքեր մատյանում չեն գրանցվել. մարդկանց զանգվածաբար բերում են քվեարկության, ընտրատեղամասում առկա են կուտակումներ, հանձնաժողովի նախագահը չի վերացնում դիտորդի կողմից մատնանշած այս խախտումը։ Հանրապետական կուսակցության վստահված անձը փորձել է ճնշել դիտորդին` թույլ չտալով նրան նկարահանել քվեարկության ընթացքը։
13/17 տեղամասում (№ 43 դպրոց, Նոր Արեշ), հանձնաժողովի անդամները պահանջում են դիտորդներին ցույց տալ նկարահանված նյութերը՝ որակելով նկարահանումը որպես անօրինական գործողություն:
Civilnet











