Մինչ այս պահը ընտրություններն ընթացել են բնականոն հունով, galatv.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:
«Կարծում եմ` բուն ընտրական պրոցեսն անցնում է բնականոն հունով, երբեմն կեղծ ահազանգեր կան, որոշ ուժեր իրենց ենթադրյալ պարտությունը հիմնավորելու համար որոշակի քայլեր նախաձեռնել են և անում են, բայց եթե տեղում ծանոթանանք, կտեսնենք, որ դա այնքան էլ այդպես չէ, այնուամենայնիվ ես ևս մեկ անգամ հորդորում եմ, կոչ եմ անում, որպեսզի ողջամտության սահմանում գործեն կամ իրենց տարբեր մասնագիտական ունակություններն ուրիշ ժամանակ ի հայտ բերեն և փորձեն կիրառել»,- ասել է Սահակյանը:
ԱԺ պատգամավորը խորհուրդ է տվել խախտումների դեպքում դիմել իրավապահ մարմիններին: Բայց հիմնականում տարածված լուրերը համարել է պրովակացիոն:
«Այն ուժերը, որոնք պարտվողական հոգեբանություն են դրսևորել նաև քարոզարշավի ժամանակ, մենք տեսնում ենք, որ այդ պրովակացիոն հարցադրումներով և «սենսացիոն» որոշակի տեսագրություններով, փորձում են տարածել հետագայում իրենց պարտությունն արդարացնելու համար: Մենք կոչ ենք արել նմանատիպ դեպքերով դիմել իրավապահ մարմիններին, որպեսզի և´ սադրիչները, և´ խանգարողները, և´ արջի ծառայություն մատուցողները բոլորը պատժվեն օրենքի ուժով»,- ասել է ՀՀԿ խմբակցության քարտուղարը:
Հարցին, թե ինչպես է գնահատում ՀՀԿ թեկնածուի շանսերը, Հովհաննես Սահակյանը պատասխանել է. «Մեր կատարած աշխատանքը և հատկապես Տարոն Մարգարյանի` վերջին 2 տարիների ընթացքում կատարած աշխատանքը թույլ է տալիս ենթադրելու, որ մենք ունենք բոլոր շանսերը, որ վերարտադրվենք»:
Civilnet











