Երևանում մայիսի 5-ին` ժամը 20:00-ին, փակվել են 13 ընտրատարածքների 464 ընտրատեղամասերը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն` ավագանու ընտրություններին ժամը 17:00-ի դրությամբ մասնակցել է Երևանի ընդհանուր 816 475 ընտրողներից 366 982-ը, ինչը կազմում է ընտրողների 44,95%-ը:
Երևանի ավագանու անդամի քվեարկության և ընտրությունների արդյունքների առաջին ամփոփումը ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը կհրապարակի մայիսի 5-ին` ժամը 23:00-ին:
Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված էին հետևյալ 7 քաղաքական ուժերը` «Առաքելություն», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները, «Բարև Երևան» դաշինքը, «Հայ ազգային կոնգրես», Հայաստանի Հանրապետական, Հայ հեղափոխական դաշնակցություն և «Օրինաց երկիր» կուսակցությունները:
Ընտրություններին հետևում էր միջազգային 1 և տեղական 26 կազմակերպություն:
Նշենք, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն` ավագանին ընտրվում է ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և կազմված է 65 անդամից։ Ավագանին ընտրվում է չորս տարի ժամկետով: Նորընտիր ավագանու լիազորությունների ժամկետը սկսվում է առաջին նիստի գումարման պահից: Այդ պահից ավարտվում է նախորդ ավագանու լիազորությունների ժամկետը:
Նորընտիր ավագանու առաջին նիստը օրենքի ուժով գումարվում է ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո` հաջորդ երկուշաբթի օրը: Մինչև քաղաքապետի ընտրվելը ավագանու նիստը վարում է ավագանու նիստին ներկա տարիքով ավագ անդամը:
Civilnet











