Ոստիկանություն իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ներկայացրեց մայիսի 5-ին արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ տեղեկատվություն: Ըստ այդմ` ոստիկանությունը ստացել է 72 ահազանգ, որից 28-ը վերաբերել է ընտրակաշառքներին, 6-ը` ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն, 5-ը` կրկնակի քվեարկությանը, 5-ը` լրագրողի գործունեությունը խոչընդոտելուն, իսկ 27-ը` այլ տեսակի ընտրախախտումներին:
Ընտրախախտումներից 3-ի դեպքում հարուցվել է քրեական գործ` հիմնականում Ընտրական օրենսգրքի 153-րդ հոդվածի համաձայն. այն է` մեկից ավելի քվեարկություն կամ ուրիշ անձի փոխարեն քվեարկություն:
Թաթուլ Պետրոսյանի խոսքով` ամենամեծ թվով ընտրախախտումներն արձանագրվել են Մալաթիա-Սեբաստիայում և Նոր-Նորքում: Գնդապետի խոսքով` իրենք դիմում են ստացել «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանից Արաբկիրում գրանցված 4 ընտրախախտումների վերաբերյալ:
Civilnet











