Գլխավոր Լրահոս

Եվրոպացի դիտորդները՝ երևանյան ընտրությունների մասին

Եվրոպացի դիտորդները՝ երևանյան ընտրությունների մասին

Լուսանկարը՝Ֆոտոլուրի:


Մի քանի միջադեպերի բացառությամբ, այն տեղամասերում, որտեղ այցելել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ ՏՏԻԿ) դիտորդական թիմը, ընտրությունները եղել են խաղաղ և տեխնիկապես լավ կազմակերպված: Երևանում մայիսի 6-ին հրավիրված ասուլիսին այսպիսի հայտարարություն արեց ԵԽ ՏՏԻԿ դիտորդների խմբի ղեկավար Ստյուարտ Դիքսոնը՝ ներկայացնելով իրենց նախնական գնահատականները կիրակի կայացած Երևանի ավագանու  ընտրությունների վերաբերյալ:

«Քվեարկության գաղտնիությունը մեծապես հարգված էր, և ծրարների օգտագործումը ապահովել էր այդ գաղտնիությունը»,- ասաց նա՝ հավելելով, սակայն, որ այդ ծրարների օգտագործումը նպաստել է հաշվարկման գործընթացի երկարացմանը: Դիքսոնի խոսքով՝ անցյալ ընտրությունների համեմատ՝ այս ընտրությունների որակը բարելավվել էր, հանձնաժողովների կողմից վերահսկողությունը մեծ էր տեղամասերում: «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների՝ Ազգային ժողովում ներկայացված բոլոր կուսակցությունների ներկայացուցիչներից կազմված լինելը նպաստում էր, որ մրցակիցները կարողանան հետևել միմյանց»,- ասաց նա:

Իրենց կողմից գրանցված միջադեպերի թվում եվրոպացի դիտորդը նշեց բազմակի և «կարուսել» քվեարկությունները: Նա ասաց, որ եղել են տրանսպորտային միջոցներով մարդկանց տեղափոխման դեպքեր՝ նկատելով, սակայն, որ իր երկրում ևս ընդունված է քվեարկողների տեղափոխման կազմակերպումը ընտրատեղամաս:

Եվրոպացի դիտորդը նշեց, որ հաղորդագրություններ են ստացել պետական ծառայողների նկատամամբ ճնշումների մասին և Հայաստանի իշխանություններին կոչ արեց ազատ մթնոլորտ և առանց գումարի քվեարկություն ապահովել:

Անդրադառնալով տեղամասերում բազմաթիվ տեսախցիկների և նկարահանումների պրակտիկային՝ նա նշեց, որ դա մի կողմից նպաստում է գործընթացի թափանցիկությանը, մյուս կողմից՝ այդ տեսախցիկները կարող են հակադարձ ազդեցություն ունենալ և անվստահության մթնոլորտ ստեղծել ընտրողերի շրջանում:

Ընտրատեղամասերում մեծ թվով տեղական դիտորդների և լրատվամիջոցների ներկայության մասին նա ասաց, որ դեպքերի մեծ մասում իրենց համար երկիմաստ է մնացել այդ մասնակցությունը, և «թվում էր, թե այդ դիտորդները գործում էին տարբեր կուսակցությունների և քաղաքական ուժեր համար»:

ԵԽ ՏՏԻԿ-ը միակ  միջազգային  կազմակերպությունն էր, որը դիտորդական առաքելություն էր իրականացնում մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններում: ԵԽ դիտորդները մայիսի 5-ի ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցը կհրապարակեն հոկտեմբերին:

Անի Գրիգորյան

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում