Անընդունելի է, որ լրագրողն օգտագործելով իր դիրքը, փորձում է իրականացնել կուսակցական հրահանգներ, սակայն երբ խոչընդոտում են լրագրողի աշխատանքին, նա պետք է կատարի հնարավորը, որպեսզի հանրային վայրում տեղի ունեցող իրադարձությունը դառնա հանրության սեփականությունը. «Ա1+»-ի հյուրասրահում նշեց Մամուլի ազգային ակումբի Բորիս Նավասարդյանը՝ հավելելով. «Սակայն միջազգային նորմ կա. եթե դա վնասում է լրագրողի առողջությանը, ապա հաշվի առնել, որ առողջությունն ավելի կարևոր է»:
Նավասարդյանը հիշեցրեց, որ լրատվամիջոցների մասին օրենքում նշված է, որ հանրային կարևորություն ունեցող աշխատանք կատարող լրագրողները գտնվում են պետության հատուկ պաշտպանության ներքո: «Սակայն այդ օրենքը Հայաստանում չի աշխատում, և շատ հազվադեպ է, որ լրագրողների նկատմամբ բռնություն գործադրած անձինք պատժվում են: Եթե նույնիսկ պատժվում են, ապա դա լինում է շատ խորհրդանշական պատիժ: Այսինքն՝ լրագրողը այսօր օրենքով և իրավապահ մարմինների կողմից պաշտպանված չէ»,- ասաց Նավասարդյանը:
Civilnet











