Գլխավոր Լրահոս

Պահանջարկը նվազում է, գները՝ ոչ

Պահանջարկը նվազում է, գները՝ ոչ

Հայաստանում շարունակում է կրճատվել բնակարանների պահանջարկը, ինչը, սակայն, չի ազդում գների վրա։ Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ բնակարանները դրամով թանկացել են 7%-ով, դոլարով՝ 1,4%-ով։ Երևանում ամենաթանկ բնակարանները շարունակում են մնալ Կենտրոնում, ամենաէժանը՝ Նուբարաշենում։

Այս տարվա առաջին եռամսյակում անշարժ գույքի գործարքները Հայաստանում 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 7,5%-ով՝ կազմելով 40,8 հազ.։ Այս հունվար-մարտին իրականացվել է 10,8 հազ. օտարման գործարք, որից 74,9%-ը կամ 8140-ը՝ առք ու վաճառքի։ Օտարման գործարքների քանակը 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 4,6%-ով։

Երևանում իրականացվել է օտարման 4,14 հազ. գործարք, որից 1,53 հազ-ը՝ բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների վաճառք։ Բնակարանների վաճառքի գործարքները 2012թ. հունվար-մարտի համեմատ նվազել են 7,1%-ով։ Նույնիսկ պահանջարկի կրճատման պայմաններում Երևանում բազմաբնակարան բնակարանների 1 քմ մակերեսի միջին գները նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ բարձրացել են 7%-ով, չորրորդ եռամսյակի համեմատ՝ 1,5%-ով։

Գների աճը, իրականում, պայմանավորված է ազգային արժույթի փոխարժեքի գործոնով։ Բանն այն է, որ ի տարբերություն այլ շուկաների՝ անշարժ գույքի շուկայում գնանշումը շարունակվում է կատարվել արտարժույթով (դոլարով), իսկ այս տարվա առաջին եռամսյակում 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ դրամն արժեզրկվել է 5,5%-ով։ Եթե գները համեմատենք դոլարով, ապա առաջին եռամսյակում բնակարանները թանկացել են 1,4%-ով, ինչը կարող է լինել ընդամենը գնաճով ճշգրտման արդյունք։

Մայրաքաղաքում բնակարանների պահանջարկի նվազումը որոշակիորեն զսպել են բանկերը. առաջին եռամսյակում Երևանում իրականացվել է հիփոթեքային գրավադրման 218 գործարք, ինչը 2012թ. առաջին եռամսյակի համեմատ ավելի է 3,6 անգամ։

Պահանջարկի նվազում արձանագրվել է ոչ միայն Երևանում, այլև մարզերում. այս հունվար-մարտին 2012թ. նույն ամիսների համեմատ բնակարանների առք ու վաճառքի գործարքների քանակը այստեղ կրճատվել է 7,6%-ով։

Մյուս կողմից՝ Երևանում աճել է անհատական տների պահանջարկը. մարզերում տեղի է ունեցել պահանջարկի կրճատում։ Այս հունվար-մարտին իրականացվել է անհատական բնակարանների 1106 առք ու վաճառքի գործարք, որից 294-ը՝ Երևանում, 812-ը՝ մարզերում։ Ընդ որում՝ անհատական բնակարանների գործարքների քանակը հանրապետությունում նվազել է 4,7%-ով. Երևանում արձանագրվել է գործարքների 2,8% աճ, մարզերում՝ 7,1%-ով կրճատում։

Ի տարբերություն բազմաբնակարան բնակարանների սեգմենտի, որտեղ պահանջարկի նվազումը մեծ հաշվով չի ազդել գների վրա (արտահայտված արտարժույթով), անհատական տների սեգմենտում պահանջարկի աճի պայմաններում դոլարային արտահայտությամբ 1 քմ մակերեսի միջին գինը մնացել է անփոփոխ, թեև դրամային արտահայտությամբ արձանագրվել է 5,2%-ի աճ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում