Հայաստանի համար Եվրոպական Միության դոնորների համաժողովը կարող է տեղի ունենալ նոյեմբերին, սակայն դա կախված է Հայաստանի կառավարության հաստատակամությունից: Այսպիսի հայտարարություն է արել Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Օննո Սիմոնսը:
Մայիսի 3-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում Ժան Մոնեի անվան եվրոպական հետազոտություների ամբիոնի բացման ժամանակ, որին ներկա էին նաև Հայաստանում Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանները, Սիմոնսը, պատասխանելով Հայաստանի համար ԵՄ դոնորների համաժողովի հետաձգման մասին հարցին, ասաց, որ Հայաստանի կառավարությունը նոր է ձևավորվում, և որ համաժողովը կարող է տեղի ունենալ նոյեմբերին:
ԵՄ դոնորների համաժողովը պետք է տեղի ունենար Հայաստանի՝ 2012թ. մայիսի խորհրդարանական ընտրություններից հետո: Անցած տարվա հունիսին ԵՄ ընդարձակման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակը՝ Փիթեր Ստանոն, հայտարարել էր, որ Եվրամիությունը հետաձգում է Հայաստանին ֆինանսապես օժանդակելու նպատակով խոստացած դոնորների համաժողովը և ակնարկել էր, որ խորհրդարանական ընտրությունները լիովին չեն արդարացրել ակնկալիքները, և Բրյուսելում սպասում են 2013թ. նախագահական ընտրություններին:
«Մայիսին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները հիմնականում դրական անցան, սակայն կան հարցեր, որոնք լուծում են պահանջում, և կախված այն հանգամանքից, թե ինչպես Հայաստանը կարձագանքի այդ խնդիրներին՝ 2013թ. նախագահական ընտրությունները ազատ և արդար անցկացնելու առումով, առավել հստակ կլինի՝ երբ է անցկացվում այս համաժողովը, ինչպես նաև՝ ինչ կարող է անել Եվրամիությունը Հայաստանին է՛լ ավելի աջակցելու և մեր օրակարգում առկա բոլոր ծրագրերը կատարելու ուղղությամբ»,- ասել էր Եվրամիության ներկայացուցիչը:
Մանուկ Ավետիքյան
Civilnet











