Լուսանկարը` yerevan.am-ի
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցությանը մինչ օրակարգային հարցերին անցնելը քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է Երևանի ավագանու ընտրությունների կազմակերպմանը:
«Երևանի ավագանու ընտրությունները կայացան մրցակցային ու քաղաքակիրթ պայքարի մթնոլորտում: Կարողացանք անցկացնել լավ կազմակերպված ընտրություններ: Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել Երևանի բնակչությանը՝ ընտրությունների կարևորությունը գնահատելու և ընտրություններին մասնակցելու համար»,- ասել է Տարոն Մարգարյանը` առանձնահատուկ շնորհակալություն հայտնելով ՀՀԿ-ին վստահության քվեն հայտնած բոլոր ընտրողներին:
«Շնորհակալություն եմ հայտնում նաև մեզ համար չքվեարկած մարդկանց, և վստահեցնում եմ, որ հաջորդ տարիների ընթացքում մեր ծրագրերի ու աշխատանքների արդյունքով կկարողանանք արդարացնել նաև նրանց սպասելիքները: Շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր քաղաքական մրցակիցներին, ընտրություններին մասնակից բոլոր քաղաքական ուժերին մրցակցություն ապահովելու համար: Ես շնորհակալ եմ մեր թիմակիցներից և համոզված եմ, որ այս թիմով մենք անպայման կկարողանանք լուծել մեր առջև դրված բոլոր խնդիրները և կյանքի կոչել ներկայացված ծրագրերը: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր լրագրողներին, ովքեր աշխատեցին ողջ քարոզարշավի ընթացքում և համակողմանի լուսաբանեցին մեր հանդիպումներն ու ներկայացվող ծրագրերը: Եվ ամենակարևորը, շնորհակալություն եմ հայտնում իրավապահ մարմիններին, ոստիկաններին, ովքեր կարողացան ապահովել քարոզարշավի և բուն ընտրական պրոցեսի ապահով ու խաղաղ ընթացքը: Համոզված եմ, որ համատեղ ուժերով մենք կարողացանք ամրագրել մեր ձեռքբերումը և կշարունակենք աշխատել ավելի լավ Երևան ունենալու համա»,- հավելել է Տարոն Մարգարյանը:
Civilnet











