Facebook-ը օգտատերերի նորությունների ժապավենում կտեղադրի գովազդային տեսահոլովակներ

Facebook սոցցանցը 2013թ. հուլիսին մտադիր է սոցցանցում գովազդային տեսանյութեր տեղադրել, հաղորդում է բրիտանական Financial Times-ը (FT):
Պարբերականը Facebook-ի այս քայլը գնահատում է որպես անընդհատ աճող գովազդային շուկայից օգուտներ քաղելու հնարավորություն: Ինտերնետում գովազդային տեսահոլովակի տեղադրման ծախսերը կազմում են ԱՄՆ հեռուստագովազդի միայն փոքր մասը` $64,5 մլրդ: eMarketer հետազոտական գործակալության գնահատմամբ` ԱՄՆ թվային գովազդի շուկան 2013թ. կազմել է $4,1 մլրդ, ինչը 41,4%-ով գերազանցում է 2012թ. համապատասխան ցուցանիշը:
Գովազդային հայտարարությունները սոցցանցում կհայտվեն օգտատերերի անձնական էջերի նորությունների ժապավենում: Տեսանյութերը կցուցադրվեն ավտոմատ կերպով, սակայն առանց ձայնի: Ըստ ամենայնի, որոշ ընկերություններ, որոնք ներգրավված են Facebook-ի խոշոր գովազդատուների խորհրդում, նույնպես հետաքրքրված կլինեն սոցցանցի նոր տեսահարթակով և պատրաստ կլինեն միանալ դրան: Այս խորհրդի կազմում են, մասնավորապես, Unilever, Nestle, Ford, Diageo, American Express և Coca-Cola ընկերությունները:
Փորձագետները նշում են, որ նոր գովազդային հարթակը կարող է բացասաբար ազդել օգտատերերի ակտիվության վրա: Pivotal Research հետազոտական ընկերության վերլուծաբան Բրայան Վիզերը նշում է, որ նորությունների ժապավենում գտնվող այդ տեսանյութերն օգտատերերի վրա նույն ազդեցությունը կթողնեն, ինչ սոցցանցի ցանկացած այլ գովազդ, մինչդեռ դրանց ավտոմատ միացումը կարող է բացասաբար անդրադառնալ որոշ օգտատերերի վրա:
FT-ն նշում է, որ Facebook-ը տեսանյութի յուրաքանչյուր 1000 դիտման դիմաց գովազդատուից կգանձի $20` նույնիսկ այն դեպքում, երբ օգտատերը չի միացրել տեսանյութի ձայնը: Յուրաքանչյուր տեսահոլովակի տևողությունը կկազմի 15 վայրկյան, և օգտատերերի էջում օրական կտեղադրվի միայն մեկ բրենդի գովազդային տեսահոլովակ:
Թեմա
Civilnet










