Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունը մայիսի 7-ին Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ քննարկեց կառավարության նոր կազմի հարցը և որոշեց, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունում չորս փոփոխություն է տեղի ունենալու: Ֆինանսների նախարարի պաշտոնում Վաչե Գաբրիելյանին կփոխարինի կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, էկոնոմիկայի նախարարի պաշտոնում Տիգրան Դավթյանին կփոխարինի Վահրամ Ավանեսյանը (որը 1998-1999 թթ. եղել է տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարար), սպորտի և երիտասարդության հարցերի ԲՀԿ-ական նախարար Հրաչյա Ռոստոմյանին կփոխարինի ծանրամարտի օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանը: Կստեղծվի նոր նախարարություն՝ կառավարության աշխատակազմի ղեկավարություն, որի հիմնական նպատակը կլինի համակարգել փոփոխությունները կառավարությունում: Այս պաշտոնը կվստահվի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին: Մնացած նախարարները, այդ թվում՝ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, կպահպանեն պաշտոնները: ԲՀԿ-ի հետ պորտֆելների հարց չի քննարկվել: Էկոնոմիկայի ներկայիս նախարար Տիգրան Դավթյանը կնշանակվի Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի ներկայացուցիչ:
Կառավարության կազմի հաստատման առումով Հանրապետական կուսակցությունը կրկին անակնկալ չմատուցեց քաղաքացիներին: Այդ կազմը գրեթե աննշան փոփոխություններով կամ փոխատեղումներով հաստատվեց, իսկ կառավարության համակարգում կատարված կառուցվածքային փոփոխությունը, բնականաբար, գլոբալ ազդեցություն չի կարող ունենալ կառավարության վարած սոցիալ-տնտեսական քաղաքականության վրա: Գալիս է գոտիները ավելի պինդ ձգելու ժամանակաշրջան: Բարեփոխիչի իմիջով հանդես եկող վարչապետ Տիգրան Սարգսյանը նախորդ հինգ տարիներին ցույց է տվել, թե ինչպես կարելի է չպայքարել տնտեսության համակարգային արատների դեմ և չտեսնել վերահաս ճգնաժամը և ինչպես կարելի է խթանել արտագաղթը, աղքատության ցուցանիշն ու արտաքին պետական պարտքը: Առաջիկայում թերևս նորից ականատես կլինենք մարդկանց կյանքում չարտահայտվող տնտեսական աճի, վիճակագրական թվերի մանիպուլյացիաների ու չկատարվող խոստումների:











