Մայիսի 8-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր կառավարության առաջին նիստից առաջ հանդիպում է ունեցել վարչապետի և նորանշանակ նախարարների հետ: Նիստից հետո, երբ կառավարության շենքում ՍիվիլՆեթի և «Հայկական ժամանակ» թերթի լրագրողները վարչապետ Տիգրան Սարգսյանից մեկնաբանություն խնդրեցին կառավարության կազմում տեղի ունեցած փոփոխությունների և նոր կառավարության տնտեսական քաղաքականության մասին, նա ասաց, որ առաջիկայում հանդես կգա մամուլի ասուլիսով և կպատասխանի լրագրողների բոլոր հարցերին։
Հարցին, թե ինչով է պայմանավորված կառավարության հենց տնտեսական բլոկի երկու նախարարների՝ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարների փոփոխությունը, Տիգրան Սարգսյանը պատասխանեց, որ նրանք նշանակվել են ավելի կարևոր և պատասխանատու պաշտոնների: «Դա նշանակում է, որ գնահատել ենք նրանց աշխատանքը»,- նշեց վարչապետը։
Ֆինանսների նախարարի պաշտոնում Վաչե Գաբրիելյանին փոխարինել է կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, իսկ Վաչե Գաբրիելյանը նշանակվել է կառավարության աշխատակազմի ղեկավար՝ նախարարի կարգավիճակով։ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում Տիգրան Դավթյանին փոխարինել է Վահրամ Ավանեսյանը (որը 1998-1999 թթ. եղել է տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարար), իսկ Տիգրան Դավթյանը կնշանակվի Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի ներկայացուցիչ։ Սպորտի և երիտասարդության հարցերի ԲՀԿ-ական նախարար Հրաչյա Ռոստոմյանին փոխարինել է ծանրամարտի օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանը:
Civilnet











