Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը հանցագործության մասին տասնյակ հաղորդումներ է պատրաստում` ընտրատեղամասերում վերահաշվարկի դիմումների քննության ընթացքում հայտնաբերված հանցակազմ պարունակող բազմաթիվ փաստերի առիթով. «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: Նրա խոսքով՝ հաղորդումները կներկայացվեն դատախազությանը` քրեական գործեր հարուցելու և օրինախախտներին քրեական պխատասխանատվության ենթարկելու պահանջով:
Զուրաբյանը նշել է, որ վերահաշվարկի և որոշ տեղամասերում Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունները անվավեր ճանաչելու իրենց դիմումների գլխավոր նպատակը հենց հանցագործությունների մասին ապացույցներ ձեռք բերելն է եղել: «Իշխանական քարոզչությունը փորձում է աղավաղել վերահաշվարկի մեր դիմումների իմաստը: Մենք վերահաշվարկի չենք դիմել նրա համար, որ որևէ ձևով փոխենք ընտրության արդյունքները: Մենք հարյուր տոկոսով վստահ ենք, որ և բազմակի քվեարկողները, և կաշառված ընտրողները ֆիզիկապես ներկայացել են և քվեարկել են այնպես, ինչպես պետք է Հանրապետական կուսակցությանը, և մենք հասկանում ենք, որ զուտ վերահաշվարկը որևէ փոփոխություն չի մտցնի: Վերահաշվարկի դիմելու մեր նպատակը այլ է` ապացույցներ ձեռք բերել և հանրությանը ներկայացնել այս լայնածավալ հանցագործության մասին: Ապացույցներ առ այն, որ նախ` եղել են բազմակի քվեարկություններ, երկրորդ` կաշառված կամ ահաբեկված ընտրողներին վերահսկել են, որ նրանք գնան և քվեարկեն իշխող ռեժիմի ուզած ձևով: Վերահաշվարկը դա մի հնարավորություն է, որ մենք կարողանանք ծանոթանալ մատյանների հետ, թե ով է քվեարկել (ինչն այլ կերպ հնարավոր չէ, որովհետև պահում են մատյանների գաղտնիությունը), քաղվածքներ անել և հետո համեմատել իրական պատկերի հետ», - ասել է Զուրաբյանը
Նա նշել է, որ այդ ռազմավարությունը տալիս է լուրջ արդյունքներ. «Օրինակ, Ավանում մենք պարզել ենք, որ 15 մարդ, որոնք նշված են մատյանում որպես քվեարկած, հաշվառված են մի հասցեում, որը գոյություն չունի: Ավելի աղաղակող փաստ նույն ընտրատեղամասում` պարզվում է, որ ոստիկանության կողմից հրապարակված ցուցակը և մատյանի ցուցակը իրար հետ չեն համընկնում: Արձանագրել ենք նաև բազմաթիվ դեպքեր, երբ մարդիկ քվեարկել են ուրիշների փոխարեն: Արձանագրել ենք դեպքեր, որ հանձնաժողովների նախագահները, դուրս գալով իրենց լիազորություններից, փաստորեն, արտոնել են մարդկանց առանց անձնագրերի քվեարկություններ, ընդ որում` իրենք էլ հենց գրառումներ են արել այդ կապակցությամբ մատյանում: Գրված է, որ հանձնաժողովի նախագահը արտոնում է, իր ստորագրությունն էլ դրված է… Սրանք բաներ են, որ երբեք չէին բացվի, եթե մենք չդիմեինք վերահաշվարկի: Այսինքն` այդ մարդիկ ուղղակի պետք է բանտ նստեն»,- ասել է նա:
ՀԱԿ-ը վերահաշվարկի և ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու դիմումներ էր ներկայացրել երեք տասնյակ տեղամասերի վերաբերյալ: Գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդումներ ներկայացնելուց բացի այս քաղաքական ուժը պատրաստվում է Երևանի ավագանու ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով դիմել դատարան:
Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի
Civilnet











