Մոտ երեսուն ոստիկանության ուսանողներ և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ ներգրավվել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից Հայաստանի ոստիկանության ակադեմիայում կազմակերպված տեղեկատվական անվտանգության վերաբերյալ երկշաբաթյա ինտենսիվ դասընթացում, որը մեկնարկել է 2013թ. մայիսի 13-ին:
Ինչպես հաղորդում են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամուլի ծառայությունից, ծրագրի մասնակիցները կընդլայնեն ՏՏ համակարգերի և տվյալների պաշտպանության մասին իրենց գիտելիքները, ինչպես նաև ձեռք կբերեն համակարգչային և համակարգիչների կիրառմամբ կատարվող հանցագործությունների հետաքննության հմտություններ:
Դասընթացի հիմնական նպատակն է ուսանողների շրջանում պատկերացում ձևավորել կիբերհարձակումների եղանակների վերաբերյալ, ինչպես նաև ցանցերի, համակարգերի և տեղեկատվական անվտանգության ապահովման գործիքների մասին: Ծրագրի մասնակիցները կսովորեն տեղակայել և կարգավորել ցանցային և տվյալների անվտանգության ապահովման գործիքները, բացահայտել հարձակումները և դրանց գործարկման հնարավոր մեխանիզմներն ու հասկանալ հաքերների հարձակումների հոգեբանությունը և դրդապատճառները: Դասընթացը կազմակերպվել է ԵԱՀԿ կողմից Հայաստանի կիբերանվտանգության բարելավման աջակցության ջանքերի շրջանակում:
Civilnet











