«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կվերցնի Երևանի ավագանու ընտրությունների արդյունքում ստացած իր մանդատները: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:
«Մենք պետք է վարձահատույց լինենք այն հարյուր հազար երևանցիներին, որոնք մեզ ձայն են տվել մայիսի 5-ի ընտրություններում»,- ասաց նա:
Ըստ ԲՀԿ խոսնակի` մանդատները վերցնելու վերաբերյալ կարծիքները շատ էին, սակայն գերակշռող էր այն տեսակետը, որ իրենք բարոյական պարտավորություն ունեն երևանցիների առջև: Կուսակցության ներկայացուցիչները, Ուրիխանյանի խոսքով, աշխատելու են ոչ միայն քաղաքապետարանի իրենց աշխատասենյակներում, այլև ամբողջ Երևանի տարածքում` փողոցներում և բակերում:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորող երեք թեկնածուները՝ Վարդան Օսկանյանը, Գուրգեն Արսենյանը և Աբրահամ Մանուկյանը, պատգամավոր լինելով, չեն վերցնի իրենց մանդատները:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման համաձայն` ավագանում ԲՀԿ-ն պետք է ունենա 17 անդամ:
Civilnet











