«Բարև Երևան» դաշինքով Երևանի ավագանու անդամ ընտրված, «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը մտադիր է հրաժարվել Երևանի ավագանու իր մանդատից: Այս մասին նա ասել է Galatv.am-ի հետ զրույցում:
Մեսրոպ Մովսեսյանի խոսքով` պատճառը ժամանակի սղությունն է: Galatv.am-ի հարցին, թե առաջադրվելիս հաշվի չէր առել այդ գործոնը, նա պատասխանել է. «Էն ժամանակ ուրիշ տեմպ էր, հիմա մի քիչ ուրիշ տեմպ է, չի ստացվում: Հետո` ինձանից ավելի հաջող թեկնածուներ էլ կան, թող զբաղվեն»:
Թե իր փոխարեն դաշինքի կազմից հատկապես ում կուզենար տեսնել ավագանու կազմում, Մեսրոպ Մովսեսյանը հստակ չի պատասխանել: «Այնտեղ շատ արժանի մարդիկ կան, իհարկե: Չգիտեմ` դաշինքն ինչ կորոշի, դա արդեն իրենց որոշելու բանն է: Այսօր հանդիպում ենք ունենալու, այդ հարցը քննարկելու ենք: Հավանական է, որ ես կտամ հրաժարական, բայց դեռ 100%-ով չի քննարկվում, թե ով է լինելու: Իսկ եթե ես ինքնաբացարկը ներկայացնեմ, արդեն դաշինքը կորոշի, թե ով կլինի: Ինձ թվում է` հերթական համարն է անցնելու»,- ասել է նա:
Civilnet











