Գլխավոր Լրահոս

Բանակցային գործընթացում կա ընդամենը մեկ խոչընդոտ

Բանակցային գործընթացում կա ընդամենը մեկ խոչընդոտ

ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանի կարծիքով՝ ԼՂ խնդրի կարգավորման գործում կա ընդամենը մեկ խոչընդոտ՝ Ադրբեջանի ոչ կառուցողական քաղաքականությունը: ՍիվիլՆեթի հետ զրույցում նախարարը ներկայացնում է ԼՂ խնդրի կարգավորման իր պատկերացումները:

— Պրն նախարար, ինչո՞ւ է այսօր ղարաբաղյան կարգավորման գործընթացը փակուղում, և ինչպե՞ս է հնարավոր այդ փակուղին հաղթահարել:

— Միանգամից ասեմ, որ համաձայն չեմ «փակուղի» բառի օգտագործմանը: Իմ կարծիքով՝ ավելի տեղին է խոսել բանակցային գործընթացի տեմպերի դանդաղեցման, որոշակի տեղադադարի վերաբերյալ, բայց «փակուղի» բառը տեղին չէ օգտագործել, որովհետև բանակցային գործընթացը, միջնորդների բավական ակտիվ աշխատանքը շարունակվում է: Պարբերաբար տեղի են ունենում համանախագահների այցեր տարածաշրջան, որոնք հնարավորություն են տալիս հակամարտության կողմերին, այդ թվում՝ ԼՂՀ ներկայացուցիչներին ներկայացնել իրենց տեսակետները, մոտեցումները, քննարկել որոշակի հարցեր:

— Որո՞նք են այն խոչընդոտները, որոնք թույլ չեն տալիս կարգավորման գործընթացը հանել ստեղծված այս ճգնաժամային իրավիճակից:

— Իմ խորին համոզմամբ՝ այսօր մենք ունենք ընդամենը մեկ խոչընդոտ բանակցային գործընթացում լուրջ առաջընթաց արձանագրելու համար. դա Ադրբեջանի իշխանությունների ոչ կառուցողական քաղաքականությունն է: Այդ մասին բազմիցս ասվել է, կան բազմաթիվ օրինակներ, թե ինչպես է Ադրբեջանը միտումնավոր կերպով, նպատակասլաց ճանապարհով փորձում քանդել և քայքայել բանակցային գործընթացը:

— Վերջին շրջանում մի շարք երկրների խորհրդարաններ ճանաչեցին ԼՂՀ կամ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

— Նախ ասեմ, որ այն գործընթացները, որոնց մենք ականատես ենք դարձել վերջին շրջանում, ոչ թե պահի կամ մեկ վայրկյանում ի հայտ եկած գործընթացներ են, այլ որոշակի երկարատև գործընթացի, երկարատև աշխատանքի արդյունք են: Եվ այդ աշխատանքը, արդյունքը հնարավոր է դարձել ոչ թե մեկ կամ երկու հոգու գործունեության, այլ ԼՂՀ ողջ պետական համակարգի, հայաստանյան դիվանագիտության, Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների, նաև արտասահմանյան քաղաքացիների ստվար զանգվածի աշխատանքի շնորհիվ: Այսինքն՝ այն մարդկանց, որոնք այսօր, ես այդ բառը շատ հստակորեն եմ օգտագործում, մեր համակիրներն են, կիսում են մեր նպատակները, մեր գաղափարները: Ակնհայտ է, որ այսօր համաշխարհային քաղաքականության մեջ որպես հակամարտությունների կարգավորման նախընտրելի տարբերակ գնալով մեծ տարածում է գտնում ժողովրդի ինքնորոշման, այդ ինքնորոշման իրավունքը կամարտահայտության ճանապարհով ամրագրելու եղանակը: Այդ առումով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքին սատարող բանաձևերի ընդունումը ԱՄՆ մի շարք նահանգներում, Ավստրալիայում, Եվրոպայում տեղի ունեցող շատ հետաքրքիր գործընթացները ընդհանուր մեծ գործընթացի բաղադրիչներ են: Դրանք գալիս են նաև մեզ համոզելու, այսինքն՝ հաստատելու մեր այն հստակ դիրքորոշումը, որ ԼՂՀ անկախությունն այլընտրանք չունի:

—  Արցախի և մի քանի այլ երկրների խորհրդարանների միջև ստեղծվեցին խորհրդարանական բարեկամության խմբեր: Արդյոք ժամանակը չէ՞, որ մենք ավելի լավ օգտագործենք խորհրդարանական դիվանագիտության ներուժը:

— Համաձայն եմ, որ խորհրդարանական դիվանագիտությունը շատ մեծ ներուժ ունի, որը մինչև վերջ օգտագործված չէ, և այդ ուղղությամբ մենք պետք է աշխատենք, հատկապես մեր խորհրդարանականները: Արդարության համար պետք է շեշտեմ, որ իրոք ԼՂՀ Ազգային ժողովի կողմից այդ ուղղությամբ հսկայածավալ աշխատանք է կատարվում, և ես կարծում եմ՝ այդ աշխատանքի արդյունքները մենք դեռ տեսնելու ենք: Ինչ վերաբերում է Լիտվայում և Ֆրանսիայում այդ խմբերի ձևավորմանը, դրանք մի քիչ տարբեր են իրենց կարգավիճակով: Լիտվայի պարագայում մենք ունենք խորհրդարանական բարեկամության խումբ, իսկ Ֆրանսիայում ձևավորվել է բարեկամության շրջանակ, որը խորհրդարանական բարեկամության շրջանակ չէ, արտախորհրդարանական է, բայց իր մեջ ընդգրկում է և՛ Ֆրանսիայի խորհրդարանի, և՛ Սենատի ներկայացուցիչներին, ինչպես նաև բազմաթիվ քաղաքական գործիչների, մտավորականների, որոնք միշտ եղել են Արցախի կողքին, միշտ շտապել են մեզ օգնության: Ֆրանսիայի ձևաչափը, իմ կարծիքով, շատ հետաքրքիր է, դա թույլ է տալիս համախմբել, ի մի բերել մարդկանց ավելի մեծ զանգված: Նպատակն է, իհարկե, զարգացնել հարաբերությունները, շփումները ԼՂՀ-ի և Ֆրանսիայի միջև, ներկայացնել Լեռնային Ղարաբաղի մասին ճշմարտությունը, այն իրականությունը, որին մենք այստեղ ականատես ենք, բայց որին, ցավոք, շատ հաճախ հաղորդակից չեն լինում արտասահմանում:

— Վերջին տարիներին սեղանին եղել է Մադրիդյան կամ «նորացված մադրիդյան» կոչվող փաստաթուղթը: Ներկայում մշակվո՞ւմ է արդյոք նոր փաստաթուղթ, որը կարող է հիմք ծառայել բանակցությունների շարունակության համար:

— Ինչ վերաբերում է մեր դիրքորոշմանը բանակցային գործընթացի վերաբերյալ, այն շատ հստակ է և բազմիցս հնչեցվել է: Մենք դա ասում ենք և՛ հրապարակային, և՛ փակ աշխատանքային հանդիպումների ժամանակ: Մեր կարծիքով՝ այսօրվա իրավիճակը բանակցային գործընթացում, թվացյալ և առկա խոչընդոտները հնարավոր է հաղթահարել՝ ապահովելով ԼՂՀ լիարժեք վերադարձը բանակցային գործընթացին: Մենք այսօր էլ կանք, բայց մեր կարծիքով՝ այն մասնակցության մակարդակը, որը կա, բավարար չէ բանակցային գործընթացում առաջընթաց և արդյունավետություն ապահովելու համար:

— Վերջերս մենք ականատես եղանք պատմական հաշտեցման մի գործընթացի՝ մի կողմից Պրիշտինայի, մյուս կողմից՝ Բելգրադի միջև: Համեմատություններ չտանելով տարբեր հակամարտությունների միջև՝ այնուամենայնիվ, այս գործընթացը կարո՞ղ է ազդեցություն թողնել նաև ղարաբաղյան խնդրի կարգավորման վրա:

— Ես, ճիշտն ասած, կողմնակից չեմ հակամարտությունների կարգավորման դեպքում այլ հակամարտությունների կարգավորման մեխանիզմներն օգտագործելուն, որովհետև, իմ խորին համոզմամբ, յուրաքանչյուր հակամարտություն ունի իր ուրույն նախապատմությունը, ուրույն պատճառները, և չկան ունիվերսալ մեխանիզմներ, որոնք մենք կարող ենք կիրառել մեկ այլ հակամարտության պարագայում, այնուհետև մեխանիկորեն փոխադրել մյուս հակամարտության համար: Բայց այդ դեպքը, որը դուք հիշատակեցիք, իրոք հետաքրքիր է այն առումով, որ գալիս է հաստատելու մեր համոզմունքը, որ ժամանակակից քաղաքական միտքը որպես հակամարտությունների կարգավորման մեխանիզմ նախընտրում է հակամարտող կողմերի միջև երկխոսությունը և ժողովուրդների կամարտահայտության արդյունքների հաշվի առնելը, այն, ինչի դեմ այսօր կտրականապես հանդես է գալիս Ադրբեջանը, և այն, ինչի պատճառով այսօր նա փորձում է ձախողել բանակցային գործընթացը:

Զրուցել է Թաթուլ Հակոբյանը

Տեսանյութը դիտեք այստեղ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում