Այս հունվար-մարտին հեռահաղորդակցության ոլորտում հասույթի 10,3% աճի պայմաններում յոթ հիմնական խաղորդ ընկերությունների վճարած հարկերի ծավալն աճել է 30,6%-ով։ Աճ արձանագրվել է բոլոր սեգմենտներում՝ բացառությամբ ամրակցված հեռախոսակապի։ Միտումը, ի դեպ, առկա է գրեթե բոլոր շուկաներում. սա զուտ հայկական երևույթ չէ։
Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալների՝ հեռահաղորդակցության ոլորտում այս հունվար-մարտին հասույթը կազմել է 39,4 մլրդ։ Աճ արձանագրվել է ոլորտի բոլոր սեգմենտներում՝ բացառությամբ լարային հեռախոսակապի, որում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ անկումը կազմել է 5,6%։ Այս սեգմենտում հասույթի կրճատման հիմնական պատճառը սեգմենտային մրցակցությունն է. քաղաքացիներն ավելի հազվադեպ են օգտվում ամրակցված հեռախոսակապի ծառայություններից։ Այսպես, եթե 2008թ. ամրակցված հեռախոսակապի սեգմենտն ապահովում էր հեռահաղորդակցության ոլորտի հասույթի 29%-ը, ապա այս տարվա առաջին եռամսյակում ցուցանիշն արդեն 14,2% է։
Ամրակցված հեռախոսակապի ծառայությունները փոխարինվում են այլընտրանքային՝ շարժական հեռախոսակապի ծառայություններով։ Այսպես՝ այս տարվա առաջին եռամսյակում հեռահաղորդակցության ոլորտի հասույթի 61%-ը բաժին է ընկել բջջային հեռախոսակապի սեգմենտին. առաջին եռամսյակում աճը կազմել է 11,8%։ Ցուցանիշն ապահովել են ոչ միայն ձայնի փոխանցման ծառայությունները, այլև տվյալների փոխանցման ծառայությունների ընդլայնումը։
Համաձայն ԱՎԾ տվյալների՝ ամենից մեծ՝ 52,4% աճ արձանագրվել է մալուխային հեռուստատեսային համակարգերի սպասարկման և շահագործման սեգմենտում։ Ինտերնետ հասանելիության ծառայությունների սեգմենտում արձանագրվել է 11,8% աճ։ Ցուցանիշը պայմանավորված է հիմնականում օպտիկամանրաթելային մալուխով ինտերնետ հասանելիության ծառայություն մատուցող երկու՝ «Յուքոմ» (Ucom) և «Ջի Էն Սի Ալֆա» (GNC Alfa) ընկերությունների ցանցերի ընդլայնումով։
Շարժական հեռախոսակապի և ինտերնետ հասանելիության ծառայությունների սեգմենտում հասույթների աճը նպաստել է, որ ոլորտի հիմնական խաղորդների վճարած հարկերի ծավալն աճի 30,6%-ով՝ հասնելով Դ8,6 մլրդ-ի։
Սուր մրցակցության պայմաններում նվազել է «Օրանժ Արմենիա» ընկերության հասույթը, ինչի մասին վկայում է այն, որ առաջին եռամսյակում օպերատորի վճարած հարկերի ծավալը նվազել է 14,8%-ով։
Ինտերնետ հասանելիության սեգմենտում դիրքերը զիջել է «Արմենիան դեյթաքոմ քամփնին» (ADC)։ Վերջինիս վճարած հարկերի 43,8% կրճատման հիմնական պատճառն այն է, որ ինտերնետ հասանելիության ծառայությունների շուկայի մյուս երկու խոշոր ընկերությունները՝ «Յուքոմը» և «Ջի Էն Սի Ալֆան», ընդլայնում են ցանցերը՝ ոչ միայն նոր, այլև մրցակիցների հաճախորդների հաշվին։
Թեև «Ջի Էն Սի Ալֆայի» վճարած հարկերի ծավալը կրճատվել է 68,4%-ով, սա չի բնութագրում ընկերության այս տարվա գործունեությունը։ Բանն այն է, որ անցած տարվա փետրվարին ընկերության բաժնետոմսերի «75%-1» փաթեթը $22,5 մլն-ով ձեռք է բերել ռուսական «Ռոստելեկոմը»՝ կատարելով լուրջ ներդրումներ։ Արդյունքում անցած տարվա առաջին եռամսյակում կտրուկ ավելացել էր ընկերության վճարած հարկերի ծավալը։

Civilnet










