Թվային թանգարանային գիշեր` մայիսի 18-ին

Մայիսի 18-ին` ժամը 18:00-24:00-ը, Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Շուշիում կներկայացվի «Թվային թանգարանային գիշեր» նախագիծը, որի շրջանակում կցուցադրվեն արվեստի տարբեր ճյուղերում աշխատող արդի հայ երիտասարդ արվեստագետների ստեղծագործությունները, ասված է նախաձեռնության ֆեյսբուքյան էջում:
Նախագծին մասնակցում են Հայաստանում և արտասահմանում բնակվող 32 արվեստագետ: Կցուցադրվեն են թվով 160 ստեղծագործություններ: Ընտրված ստեղծագործությունները թվայնացվել են և պատրաստվել է տեսանյութ: Այն կցուցադրվի նախատեսված մոնիտորներով:
VisualGap ցուցասրահը պատրաստել է հատուկ տեսահոլովակ I production-ի համար: Այժմ ժամանցային խաղերից զատ` պատանիները կարող են ծանոթանալ արդի հայ արվեստագետների ստեղծագործություններին, ուսումնասիրել դրանք և արվեստի գործերի օգնությամբ ընդլայնել աշխարհայացը:
Մայիսի 18-ին VisualGap ցուցասրահը բաց կլինի ժամը 18:00-24:00-ը:
Նախատեսվում է պատրաստի նյութից կազմել կատալոգ և սկավառակ, նախագծի ավարտից հետո այն ներկայացնել Եվրոպայի «Թանգարանների միջազգային օր» ծրագրի կազմակերպիչներին, որպես ցուցադրման նոր ձևաչափ:
Նախագծի ցուցադրման վայրերն են` Ucom սպասարկման կենտրոններ, «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանց, IVY լաունջ սրճարան, Istore,
IMall, BB Media (էլեկտրոնային վահանակներ, «Զիգզագ» խանութների ցանց, Վանաձորի կերպարվեստի թանգարան, Վանաձորի Ստեփան Զորյանի տուն թանգարան, Լոռի Փամբակի երկրագիտական թանգարան, Գյումրի 25 ցուցասրահ (Berlin Art Hotel), Հովհաննես Շիրազի տուն-թանգարան (Գյումրի), Երանուհի և Մարիամ Ասլամազյան թանգարան (Գյումրի), Մհեր Մկրտչյան տուն թանգարան (Գյումրի), Շուշիի կերպարվեստի թանգարան, «Դալան» ցուցասրահ:
Թանգարանային գիշերն առաջին անգամ տեղի է ունեցել 1997թ. Բեռլինում: Նպատակն էր ցույց տալ ժամանակակից թանգարանների հնարավորությունները, ներուժը, գրավել երիտասարդների ուշադրությունը:
Թանգարաններն ամենաարագն են ստանում ժամանակակից դաշտի ազդակները, արվեստագետները առաջիններն են, որ թանգարանների տարածքներ են մտցնում նոր միտքը, նոր մեդիան, նոր տեխնոլոգիական նորամուծությունները:
Civilnet










