Մայիսի 14-ի նիստում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ պահելով այն 8%-ի մակարդակում:
ԿԲ-ում չեն բացառել, որ կարճաժամկետ հեռանկարում հնարավոր են գնաճային ռիսկեր՝ պայմանավորված վերջին օրերին եղանակային վատ պայմաններով ու գյուղատնտեսության վրա դրանց ազդեցությամբ, ինչպես նաև էներգակիրների սակագների հավանական վերանայմամբ։ Այս ռիսկերի դրսևորման պարագայում ԿԲ խորհուրդը չի բացառել տոկոսադրույքի հետագա ճշգրտման հնարավորությունը։
ԿԲ հաղորդագրության համաձայն՝ 2013թ. ապրիլին արձանագրվել է 0,1% գնանկում, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել է 3,9%՝ գրեթե համընկնելով նպատակային ցուցանիշին: Կենտրոնական բանկի գնահատումների համաձայն՝ մինչև երկրորդ եռամսյակի վերջ 12-ամսյա գնաճը կավելանա՝ գտնվելով տատանման թույլատրելի միջակայքի (4±1,5%) վերին հատվածում, իսկ կանխատեսվող հորիզոնում կկայունանա նպատակային ցուցանիշի շուրջ։
Խորհուրդն արձանագրել է, որ համաշխարհային պահանջարկը մնում է ցածր, և հիմնական հումքային ու պարենային ապրանքների միջազգային շուկաներում երկրորդ եռամսյակի սկզբին նկատվել են գնանկումային դրսևորումներ։ «Կարճաժամկետ հատվածում ակնկալվում է գյուղատնտեսական ապրանքների գների որոշակի աճ՝ պայմանավորված նախորդ տարում դրսևորված գյուղատնտեսության առաջարկի շոկի մարմամբ, ինչը կչեզոքացնի գնաճի վրա արտաքին հատվածից սպասվող գնանկումային ազդեցությունը: Միևնույն ժամանակ, 2013թ. առաջին եռամսյակում ՀՀ տնտեսությունում տնտեսական ակտիվությունը շարունակել է մնալ բավական բարձր՝ պայմանավորված հիմնականում արդյունաբերության և ծառայությունների (հատկապես առևտրի ծավալների) բարձր աճերով, ինչն էլ այս եռամսյակ ևս ուղեկցվել է մասնավոր սպառման բարձր աճով: Նշենք, որ վերջինիս ազդեցությունը ներքին գների վրա հիմնականում մեղմվել է առաջին եռամսյակում կառավարության կողմից իրականացված Դրամավարկային քաղաքականության առաջին եռամսյակի ծրագրի բազային սցենարի համեմատ առավել զսպող հարկաբյուջետային քաղաքականությամբ»,– նշված է հաղորդագրությունում։
Հաշվի առնելով վերոնշյալ զարգացումները՝ ԿԲ խորհրդում նպատակահարմար են գտել շարունակել չեզոք դրամավարկային քաղաքականության իրականացումը՝ կանխատեսվող հորիզոնում 12-ամսյա գնաճը գնահատելով 4% նպատակային ցուցանիշի շրջակայքում։ «Այդուհանդերձ, Խորհուրդը գնահատում է, որ կարճաժամկետ հատվածում հնարավոր են գնաճային ռիսկեր՝ կապված վերջին օրերին եղանակային վատ պայմանների՝ գյուղատնտեսության վրա ունեցած ազդեցության և էներգակիրների սակագների հավանական վերանայման հետ: Այս ռիսկերի դրսևորման պարագայում ԿԲ խորհուրդը չի բացառում տոկոսադրույքի հետագա ճշգրտման հնարավորությունը»,– նշված է հաղորդագրությունում։
ԿԲ-ում դեռևս հստակ հաշվարկներ չունեն, թե «ՀայՌուսգազարդի» կողմից վերջնական սպառողների համար գազի գնի ավելի քան 60%-ով բարձրացումը (տե՛ս «Գազընտրական շրջանի ավարտը») ինչ չափով կազդի գնաճի վրա։
Երբ 2010թ. ապրիլի 1-ին բնակչության համար գազի գինը բարձրացավ 37,5%-ով, իսկ խոշոր գազասպառողների համար՝ 13%-ով, վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարում էր, թե բարձրացումը գնաճի վրա ուղղակի կազդի 0,5-տոկոսային կետով, անուղղակի կերպով՝ 0,9-տոկոսային կետով։ Հիմք ընդունելով այդ հայտարարությունը՝ ստացվում է, որ այս տարի գազի գնի բարձրացումը գնաճի վրա ուղղակի կերպով կազդի 1,5-տոկոսային կետով, անուղղակի կերպով՝ 2-տոկոսային կետով։
Civilnet











