Գլխավոր Լրահոս

Հուլիսից նվազագույն աշխատավարձը Դ45 հազ. կդառնա

Հուլիսից նվազագույն աշխատավարձը Դ45 հազ. կդառնա

Կառավարությունը քննարկում է հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը 28,5%-ով բարձրացնելու հնարավորությունը, որի արդյունքում պետբյուջեի ծախսերը կավելանան Դ2 մլրդ-ով։ Եթե նույն չափով բարձրանա նաև բազային կենսաթոշակը, ծախսերը կավելանան ևս Դ10 մլրդ-ով։

Մարտի 18-ին լրատվամիջոցների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե կառավարությունում լրջորեն դիտարկվում է 2013թ. հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձի չափը բարձրացնելու հարցը: Ըստ նախագահի՝ քննարկվում է նաև թոշակների բարձրացման խնդիրը։

Հայտարարությանը հաջորդած երկու ամիսներին չէր հստակեցվում, թե ինչ չափի բարձրացման մասին է խոսքը։ Օրերս պարզ դարձավ (այդ մասին հայտարարեց նաև Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը), որ նախագահը կառավարությանն արդեն հանձնարարական է տվել հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձն ավելացնել Դ10 հազ-ով՝ մինչև Դ45 հազ.։

Հաշվի առնելով այն, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումը օրենսդրական փոփոխություն է ենթադրում («Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքում), գործադիրը պետք է «տեղավորվի» բավական սեղմ ժամկետներում։ Բանն այն է, որ Ազգային ժողովը մինչև հուլիսի 1-ը ընդամենը երկու քառօրյա ունի (մայիսի 20-23-ը և հունիսի 10-13-ը)։ Նախագահի հանձնարարականի առկայության պայմաններում տեխնիկական այս հարցը, իհարկե, հեշտորեն կլուծվի։

Մեկ այլ խնդիր է, թե որտեղից են ներգրավվելու անհրաժեշտ միջոցները։ Մոտավոր հաշվարկներով՝ նվազագույն աշխատավարձի 28,5%-ով բարձրացման դեպքում այս տարվա երկրորդ կիսամյակում բյուջետային ծախսերը ֆինանսավորելու համար կպահանջվի հավելյալ մոտ Դ2 մլրդ։

Գումարը, իհարկե, աստղաբաշխական չէ, սակայն կառավարությունը որոշակի քայլեր պետք է ձեռնարկի դրանք հայթայթելու համար։ Որ բյուջեում իսկապես չկան ազատ միջոցներ, վկայում է թերևս այն, որ անցած տարի կառավարությունը նվազագույն աշխատավարձը բարձրացրեց միայն Դ2,5 հազ-ով, իսկ նվազագույն աշխատավարձերի նոր բարձրացումը հնարավոր համարեց միայն այս տարվա երկրորդ կեսից։

Բացի այդ՝ պարզ չէ՝ նվազագույն աշխատավարձի բարձրացմանը զուգահեռ կվերանայվեն արդյոք կենսաթոշակները, թե ոչ։ Հանուն սոցիալական արդարության՝ կառավարությունը պետք է մտածի նաև բազային կենսաթոշակի չափը նույնպես 28,5%-ով բարձրացնելու մասին։ Պարզ ասած՝ հիմնական կենսաթոշակի չափը պետք է բարձրացվի Դ3,7 հազ-ով՝ մինչև Դ16,7 հազ.։ Նման քայլի արդյունքում միջին աշխատանքային կենսաթոշակը կկազմի Դ35 հազ., ինչը, մոտավոր հաշվարկներով, երկրորդ կիսամյակում պետբյուջեի ծախսերը կավելացնի ևս Դ10 մլրդ-ով։

Նվազագույն աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացման դեպքում անգամ կենսաթոշակառուները, գրադարանի, բուժհաստատությունների աշխատակիցները շարունակելու են համարվել աղքատ, քանի որ այս տարվա առաջին եռամսյակում նվազագույն սպառողական զամբյուղը կազմում է Դ51,4 հազ.։

Բացի այն, որ նվազագույն աշխատավարձի և կենսաթոշակների վերանայումը Հայաստանում կենսամակարդակի էական բարձրացում չի ապահովելու, այն բեռ է լինելու բյուջեի համար, ստեղծելու է գնաճային ճնշումներ։ Պարզ ասած՝ եկամուտների ավելացումը հանգեցնելու է դրամի գնողունակության նվազման։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում