Գլխավոր Լրահոս

Հընթացս սրբագրիչ հայ ժողովուրդը

Անկախությունը դեռ արշալույս էլ չուներ, երբ Մովսես Գորգիսյանն ասաց. «Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու»։ Չքննարկենք, որ այդ Հայաստանը առանց մեզ չի գալու, քննարկենք, որ Հայաստանը երկու ոտք առած գնում է։ Ուր է գնում, ինչու է գնում՝ կարևոր չէ։

Կարևորն այն է, որ «Հայաստան» ասելով՝ Մովսես Գորգիսյանն էլ, մենք էլ նկատի ենք ունեցել մեզ։ Դե, մեր մեջ ասած, Գորգիսյանը նկատի է ունեցել նաև հաջորդներին, իսկ մենք՝ առայժմ մեզ։ Որովհետև ի տարբերություն Գորգիսյանի, որը զոհվեց, մենք հեռանում ենք։

Հեռացողը սրբագրիչ է։ Բայց նա Գորգիսյանին չի սրբագրում, այլ իր ծնունդը, իր պատկանելությունը։ Նա սրբագրում է իր կնոջ առաջին հղիության նախորդ օրը, երբ դեռ ոչինչ տեղի չէր ունեցել իր և կնոջ միջև։ Հայ ժողովուրդը հընթացս սրբագրիչ է։ Դա այն որսորդ մարդն է, ում ձեռքը, ասենք, միրհավ թռչունին զենքով հետապնդելիս տեքստ են տվել, ասում են՝ ախպերս, մի հատ տես, հո տառասխալներ չկան։ Դե ինքն էլ, տառասխալներից բացի, ուրիշ ոչինչ չի գտել։ Եվ նույնիսկ կետադրական սխալները չի նկատել աղաղակող տառասխալների մեջ։

Հիմա, երբ Մովսես Գորգիսյանն ասում է՝ կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու, ինքը փակում է Ցեղասպանության թեման։ Ինքն ասում է՝ տղերք, մենք հավաքվել ենք այս հողում՝ ի հեճուկս բոլոր նրանց, ովքեր ուզում էին մեզ ոչնչացնել, նշանակում է նա նկատի ունի մի Հայաստան, որն ինքը արդեն պատկերացրել է Ցեղասպանությունից, 1937-ից ու Չարենցի հանդեպ իր հայրենակիցների ձեռքով արված հալածանքներից ազատ մի Հայաստան, որտեղ յուրաքանչյուրն ամենայն Ցեղասպանության, ամենայն հակահայկականի թշնամին է։

Որովհետև կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու, նույնն է, ինչ՝ ով հայ ժողովուրդ, քո փրկությունը քո հավաքականության մեջ է։ Այսինքն՝ Գորգիսյանն էլ, Չարենցն էլ պատերազմական իրավիճակ են պատկերացնում, որը մենք մեզ ենք հայտարարել ընդդեմ արատների ու չարության։ Գորգիսյանն ասում է՝ տղերք, տեսեք, Չարենցն ասաց ու դրանից հետո մենք շարունակեցինք մեր հայրենակիցների գլուխն ուտել։ Բայց դիրիժորը Ստալինն էր։ Կամ на худой конец՝ Բերիան։ Ո՞վ է լինելու այդ արատների դիրիժորը վաղվա Հայաստանին ընդառաջ։

Գորգիսյանը տեսել է «արևային մի քաղաք»։ Այսինքն՝ ունեցել է տեսիլք։ Մարդը երկիր չի սրբագրել, ունեցել է, ինչպես՝ Չարենցը, խիստ որոշակի տեսիլք, որտեղ յուրաքանչյուր բջիջ, շտրիխ իր տեղում է։ Սրբագրությունը բջիջների և շտրիխների տեղափոխությունն է, բացասումը։ Հնարավոր է, որ այդ սրբագրությունն առավել ընկալելի է դարձնում տեքստը, բայց սրբագրման ենթակա տեքստը արդեն կիսով չափ տապալված տեքստ է։ Երբ Հայկը հեռանում էր Բելից, հենց այդ տեսիլքն էր գլխում. «Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու»։ Հենց այդ տեսիլքով ծնվեց «Սասունցի Դավիթ» էպոսը։ Մնացածը և հատկապես «Քաջ Նազարը» տեսիլքից դենը եղած գործողությունների սրբագրությունն են։ Հիմա մենք հեռանում ենք Հայաստանից։ Բառն էլ կա՝ արտագաղթ։ Եվ ոչ ոք չի կարող իր հեռանալը հիմնավորել՝ իրար կողքի դնելով Չարենցի ու Գորգիսյանի ասածն ու իր բռնած ճամփան։ Որովհետև հայ մարդը հեռանում է ճիշտ այնպես, ինչպես նստում է տանը, երբ փողոց դուրս գալու անհրաժեշտություն կա։ Հայ մարդն իր օրը սևացնողին դուռը ցույց տալու մշակույթ չունի։ Ահա ինչու, նրան թվում է, թե Նարեկացին իր Մատյանով, Մեծարենցն իր «Տուր ինծի, Տեր, ուրախություն անանձնական»-ով և Չարենցն իր «Մահվան տեսիլով» բոլորովին տարբեր բաներ են ասում։ Այնտեղ, որտեղ ինքը սրբագրելու ոչինչ չունի, անելիք չունի։ Իսկ որտեղ սրբագրելու բան կա, կանի հընթացս։ Այսինքն՝ սրբագրելին հետը քարշ տալով։

Ոչ մի Հայաստան վաղը չի գալու։ Որովհետև Հայաստանը դեռ սահմանված չէ։ Հայ մարդը կռիվ չունի, որովհետև զինվոր չէ։ Ինքը հրամանատար է։ Որոշումներ կայացնող։ Եվ երբ նրա փոխարեն ինչ-որ մեկը որոշում է կայացնում, հայը փակում է տան բոլոր դռները, որը նույնն է, թե հեռանում է տնից։ «Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու», մնացել է գրադարակում։ Որովհետև ոչ ոք չգիտի, թե ինչ անի վճռի նման հնչող այդ տողի հետ։ Բարձի տակ չի կարող դնել որպես էներգետիկ բալասան, դպրոցում չի կարող ասմունքել որպես «Իմ քաղցրանուն, իմ բարձրանուն», երեխային չի կարող պատմել որպես բանակային առօրյայի մեկ օր։ Ի՞նչ անի այդ տողի հետ։ Ի վերջո, ի՞նչն է ավելի դժվար՝ այդ տողի էներգետիկան սեփական մարմնի վրա «հավաքելը», թե իրերն առնելն ու թռնելը։ Ինքս դժվարանում եմ ասել։ Փաստն այն է, որ նա, ով ասել է այդ տողը, չկա, զոհվել է այդ Հայաստանի համար։ Եվ տարօրինակ կլիներ, եթե նա ապրեր ու դա փորձեր անել մեր բոլորի անունից։ Դրանից միշտ քաղաքական կուսակցություններ են ծնվում։ Իսկ թե ինչո՞վ են զբաղված այդ կուսակցությունները, ավելի լավ կասի Հովհաննես Թումանյանը իր «Դառնացած ժողովրդում»։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում