«ԴիջիԹեք» բիզնես ֆորումի մուտքն այս տարի ազատ կլինի

Հունիսի 21-22-ը «Խելացի լուծումներ` խելացի երկրների համար» կարգախոսով տեղի կունենա 6-րդ ամենամյա «ԴիջիԹեք» բիզնես ֆորումը: Մայիսի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ասել է, որ այս տարվա առանձնահատկություններից է այն, որ ցուցահանդեսի մուտքն ազատ է լինելու։
«Կարծում ենք, որ տեխնոլոգիաների ներդրման վերաբերյալ հետաքրքրությունն այսօր արդեն ոչ միայն տնօրենների մենաշնորհն է, այլև հասարակ աշխատողներն էլ հետաքրքրվում են, թե ինչ լուծումներ կան, որպեսզի կարողանան բարձրացնել իրենց աշխատանքի արդյունավետությունը», - ասել է նա:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի կարծիքով էլ` քիչ թե շատ ժամանակակից տնտեսության մենեջմենթին ծանոթ մարդը պետք է ընդունի, որ առանց տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման, առանց դրանց նորամուծությունների ադապտացման հնարավոր չէ բիզնեսի արդյունավետ կառավարումն ու մրցունակության ապահովումը:
Ֆորումի շրջանակում այս տարի կլինեն պրոբլեմային քննարկումներ, կլոր սեղաններ, որոնք կառնչվեն էլեկտրոնային առևտրին, կքննարկվի պետության դերակատարումը տեխնոլոգիաների զարգացման մեջ, մասնավորապես անդրադարձ կլինի տենդերային համակարգի բարելավմանը։ Երեք առանձին դահլիճներում կանցկացվեն տեխնոլոգիական վերջին նորույթների վերաբերյալ սեմինարներ։ Այստեղ լուծումներ կներկայացնեն թե´ տեղական, թե´ օտարերկրյա ընկերությունները։ Բացի այդ, կլինի նաև ցուցահանդեսային հատված, որտեղ էլ կցուցադրվեն տեխնոլոգիական լուծումները:
Միջոցառմանն արդեն իսկ մասնակցության հայտ են ներկայացրել արտասահմանյան ընկերություններ Իտալիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Սինգապուրից և ԱՄՆ-ից: Ակնկալվում է, որ այս տարի ֆորումին կմասնակցեն և իրենց տեխնոլոգիական լուծումները բիզնես համայնքին կներկայացնեն տեղական և արտասահմանյան շուրջ 60 կազմակերպություն:
Թեմա
Civilnet










