Նախագահ Սերժ Սարգսյանը կառավարության նոր կազմից ակնկալում է ոչ միայն որակական ցուցանիշներ ու գործունեության արդյունավետության և սոցիալական խնդիրների լուծման կոնկրետ ցուցիչներ, այլև 7% տնտեսական աճ՝ ընթացիկ տարում։ Մյուս կողմից՝ կառավարության 2013-2017 թթ. գործունեության ծրագիրը գրեթե չի տարբերվում 2012-2017 թթ. համար հաստատվածից։
Նորանշանակ կառավարության առաջին նիստին (մայիսի 8) նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ այս կառավարությունից սպասելիքները շատ մեծ են, և արդյունավետ աշխատելու համար էլ որևէ խոչընդոտ չի տեսնում։ «Ընդհակառակը՝ ես կարծում եմ, որ ստեղծվել են նպաստավոր պայմաններ: Քանիցս ասել ենք, որ մենք մեր աշխատանքով անցած տարիներին հիմքեր ենք նախապատրաստել լավ առաջընթաց ունենալու համար: Այս կառավարության աշխատանքը գնահատվելու է միայն արդյունքներով՝ խիստ որոշակի արդյունքներով: Այդ արդյունքները պետք է լինեն չափելի ու տեսանելի: Չափելին աշխատավարձերի բարձրացումն է, թոշակների ավելացումն է, չափելին ոչ միայն պետական սեկտորի աշխատողների աշխատավարձերի բարձրացումն է»,– ասել էր նախագահը։
Արդեն հաջորդ՝ մայիսի 16-ի նիստում գործադիրը հաստատեց «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» որոշման նախագիծը։ Այն սահմանված կարգով ներկայացվելու է Ազգային ժողովի քննարկմանը և հաստատմանը։
Սակայն կառավարության գործունեության 2013-2018 թթ. ծրագիրը ոչ միայն չի տարբերվում նախորդից, այլև կարծես հաշվի չի առել նախագահի ակնկալիքները։ Գործադիրի առջև նախագահը խնդիր էր դրել ընթացիկ տարվա համար ապահովել 7% տնտեսական աճ, այնինչ ծրագրով նպատակադրվել է 5-7% ցուցանիշը։
Կառավարությունը նոր ծրագրով կրկին թիրախային է նշել նվազագույն աշխատավարձի մակարդակի առնվազն կրկնապատկումը, նվազագույն աշխատավարձ/աղքատության ցուցանիշի առնվազն 140% մակարդակի ապահովումը, միջին աշխատանքային (ապահովագրական) կենսաթոշակի մակարդակի բարձրացումը՝ այն հասցնելով աղքատության գծի համեմատ առնվազն 125%-ի, աղքատության կրճատման ապահովումը՝ 8-10-տոկոսային կետով, 100 հազ-ից ավելի նոր աշխատատեղերի ստեղծումը. ընդ որում՝ նախատեսվում է, որ ոչ գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվածների թիվը կավելանա 30-50 հազ-ով։
Եթե անգամ կառավարությանը հաջողվի աղքատության մակարդակը կրճատել 10%-ով, 2017թ. այն կազմելու է 25%, ինչը նշանակում է, որ Հայաստանում ավելի քան 800 հազ. մարդ շարունակելու է համարվել աղքատ։ Համեմատության համար՝ 2008թ. աղքատության մակարդակը կազմում էր 27,6%։ Ստացվելու է, որ տասը տարվա գործունեության արդյունքում կառավարությունը աղքատությունը կրճատելու է ընդամենը 2,6%-ով, այն դեպքում, երբ գործադիրը 2008թ. խոստանում էր արդեն 2012թ. աղքատության մակարդակը հասցնել 11,2%-ի։
Կառավարության գործունեության նոր ծրագիրը վստահություն չի ներշնչում նաև հարկային և մաքսային վարչարարության, ինչպես նաև ստվերի կրճատման մասով։ Ինչպես նախորդում, այս ծրագրում նույնպես կառավարությունը նշել է, որ նախատեսում է հարկեր/ՀՆԱ ցուցանիշի ավելացում տարեկան 0,3-0,4-տոկոսային կետով։ 2017թ. լավագույն դեպքում հարկեր/ՀՆԱ ցուցանիշը կկազմի 23,6%։ Սա բավական փոքր ցուցանիշ է, եթե այն համեմատենք տարածաշրջանի մյուս երկրների հետ։ Վրաստանում ցուցանիշը ավելի քան 25% է, Թուրքիայում՝ 24%, մերձբալթյան երկրներում՝ շուրջ 30%։
Պաշտոնական գնահատականներով՝ Հայաստանում ստվերային տնտեսությունը կազմում է ՀՆԱ-ի 35%-ը։ Նման պայմաններում առաջիկա չորս տարիներին հարկահավաքման ցուցանիշի 1,6-տոկոսային կետով բարելավումը թերևս ստվերի դեմ պայքարում կառավարության վճռականության լավագույն ապացույցն է։

Civilnet










