«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի և քաղաքացի Ռ. Նիկողոսյանի դիմումներում և ներկայացված հրապարակումներում նշված փաստերի ուսումնասիրությունը հիմք չի տալիս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին եզրակացնելու, որ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Գագիկ Խաչատրյանը «Ապեյրոն» և «Մեգամոթորս» ընկերությունների առնչությամբ գտնվել է շահերի բախման իրավիճակում: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, այս մասին ասված է ի պատասխան ռադիոկայանի հարցման հանձնաժողովից մայիսի 17-ին տրամադրված եզրակացությունում, որը կայացվել է դեռ մայիսի 3-ին, սակայն մինչ օրս չի հրապարակվել:
Միաժամանակ, հանձնաժողովը նշում է, որ «դիմումներում նշված փաստերից իրականությանը համապատասխանում է այն, որ միայն «Ապեյրոն» և «Մեգամոթորս» ընկերություններն են, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի իմաստով պատկանում են ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ փոխկապակցված անձանց` նրա զավակներին»:
Բացի այդ, հանձնաժողովը փաստում է, որ «ինչպես հանձնաժողովին ներկայացված դիմումներում, այնպես էլ հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ չեն եկել փաստեր, որ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը իր լիազորությունների շրջանակում կատարել է այնպիսի գործողություն կամ ընդունել է այնպիսի որոշում, որը ինքնին օրինական լինելով հանգեցրել է կամ նպաստել «Ապեյրոն» և «Մեգամոթորս» ընկերությունների գույքային կամ իրավական դրության բարելավմանը»:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով «Թրանսփարենսի Ինթենեշնլ»-ը դիմել էր դեռ անցած տարվա դեկտեմբերի 17-ին` հիմք ընդունելով «Հայկական ժամանակ» օրաթերթի հրապարակումները:
Ըստ օրաթերթի, Գագիկ Խաչատրյանին է պատկանում ՀԴՄ կտրոնների թուղթ մատակարարող «Ալեքսերվ» ընկերությունը, որը, հաղթելով այդ ապրանքի մատակարարման մրցույթում, այս տարվա ապրիլ ամսին «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ կնքել է շրջանակային պայմանագիր: Բացի այդ, ըստ նույն աղբյուրի, ՊԵԿ նախագահի անվան հետ են կապվում նաև այլ ընկերություններ, ինչպես օրինակ, ««Ապեյրոն» ՍՊԸ-ն (սննդամթերքի ներկրում), «Մեգաֆուդ» ՍՊԸ-ն (սննդամթերքի ներկրում և արտադրություն), «Գալաքսի» սուպերմարկետը, «Մեգա մոթորս» ՍՊԸ-ն («Միցուբիշիի» ներկայացուցիչը ՀՀ-ում), «Սանտա ֆե» սրճարանը, «Գալաքսի» հացի գործարանը, «Մեգա սպորտ» խանութների ցանցը, «Խրոնոգրաֆ» թանկարժեք ժամացույցների խանութ-սրահը, «Չիմեգ» ՍՊԸ-ն, «Յուքոմ» ընկերությունը (արբանյակային հեռարձակում, ֆիքսված հեռախոսակապ, ինտերնետ), «Ամասիայի» կաթի գործարանը, «Ալյանս» մաքսային տերմինալը և այլն»:
Հակակոռուպցիոն կենտրոնը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին խնդրել էր իր լիազորությունների շրջանակում ստուգել հրապարակումներում նշված փաստերի իսկությունը, պարզել՝ առկա է արդյո՞ք շահերի բախման իրավիճակ կամ նման ռիսկ պաշտոնավարման և միաժամանակ ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքում, ներդրումները կառավարելիս չեն օգտագործվել արդյո՞ք պաշտոնական դիրքը և լիազորությունները:
Azatutyun.am
Civilnet











