Բախվելով պետական պարտքի կառավարման խնդրի՝ կառավարությունում որոշել են վերաֆինանսավորել պարտավորությունները։ Գործադիրը ծրագրում է թողարկել եվրապարտատոմսեր՝ տեղաբաշխումից ստացվելիք ավելի թանկ միջոցներով վերաֆինանսավորելով ռուսական $500 մլն-ի վարկը։ Չի բացառվում նաև, որ ներգրավված միջոցները պարզապես ուղղվեն պետպարտքի սպասարկմանը՝ $418,6 մլն ծավալով։
Որ կառավարությունը բախվել է պետական պարտքի կառավարման խնդրի, վկայում է ոչ միայն ընթացիկ տարում եվրաբոնդեր (դոլարով արտարժութային պարտատոմսեր) թողարկելու և արտաքին ֆինանսական հարթակներում այն տեղաբաշխելու որոշումը, այլև այն, որ ֆինանսների նախարարի պաշտոնում հանրային կառավարման մասնագիտացում ունեցող Վաչե Գաբրիելյանին փոխարինեց պետական պարտքի կառավարման մասնագետ Դավիթ Սարգսյանը։
Գործադիրը ծրագրում է թողարկել $500 մլն-ի արտարժութային պարտատոմսեր՝ 10 տարի ժամկետով։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ ներգրավված միջոցներով նախատեսվում է մարել 2009թ. Ռուսաստանից 15 տարի ժամկետով ներգրավված $500 մլն-ի վարկը։
Գործադրի այս որոշումը խնդրահարույց է այնքանով, որքանով եվրապարտատոմսերի եկամտաբերությունը ըստ գնահատականների՝ կազմելու է 5,1-6,1%, իսկ ռուսական վարկը ներգրավվել է Libor+ 3% տոկոսադրույքով։ Ֆինանսների նախարարությանը պետական պարտքի սպասարկմանը ուղղվող ծավալները գնահատելիս հիմք է ընդունում 6 ամսյա Libor-ի 1,5% տոկոսադրույքը (ներկայում 6 ամսյա Libor-ը կազմում է 0,73%)։
Ստացվում է, որ գործադիրը պետպարտքում ավելի էժան միջոցները փոխարինում է շատ ավելի թանկով։ Եվ եթե ռուսական վարկի սպասարկումը փուլ առ փուլ և հավասարաչափ մասնաբաժիններով է իրականացվելու (սկսած 2013-ից), ապա եվրապարտատոմսերի դեպքում առաջանալու են վերաֆինանսավորման և տոկոսադրույքի վերաամրագրման ռիսկեր, քանի որ պետությունը ստիպված է լինելու միանվագ մարել թողարկված ամբողջ ծավալը։ Բացի այդ՝ $500 մլն ծավալով պարտատոմսերի թողարկման ծախսերը կկազմեն շուրջ $500 հազ., որից $300 հազ-ը տեղաբաշխողի իրավական խորհրդատվություն ծառայության ծախսերն են։ Միջազգային իրավախորհրդատուի ծառայության ձեռքբերման պայմանագիր է կնքվել Cleary Gottlieb Steen & Hamilton LLC ընկերության հետ:
Կառավարության որոշումը էլ ավելի խնդրահարույց է շարունակական այն հայտարարությունների ֆոնին, թե ռուսական վարկի սպասարկման հետ որևէ խնդիր չի կարող լինել, քանի որ միջոցները ուղղվել են տնտեսություն։
Տնտեսության իրական հատված է ուղղել ներգրաված միջոցների մոտ 50%-ը։ Մասնավորապես, $44 մլն պետական վարկի տեսքով տրամադրվել է հանքարդյունաբերական երեք ընկերությունների («Զանգեզուր մայնինգ», «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» և «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»), ևս $160 մլն՝ առևտրային բանկերի վարկերի տեսքով։ Այս միջոցների սպասարկման հետ կառավարությունը ըստ էության որևէ խնդիր չպետք է ունենա։
Վարկից մոտ $250 մլն ծախսվել է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանաշինության 2008-2012 թթ. պետական աջակցության ծրագրի շրջանակում։ Այստեղ նույնպես էական խնդիրներ չեն կարող լինել, քանի որ տարեկան կտրվածքում պետք է մարվի ընդամենը $25 մլն։
Մյուս կողմից՝ եվրապարտատոմսերի թողարկման դեպքում էականորեն վատթարանում են ՀՀ պետպարտքը բնութագրող ցուցանիշները։ Մասնավորապես՝ պետպարտք/նախորդ տարվա ՀՆԱ ցուցանիշը հատելու կամ ընդհուպ մոտենալու է «ՀՀ պետական պարտքի մասին» օրենքով սահմանված առավելագույն շեմին՝ 60%-ին։
Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականի՝ պարտք/ՀՆԱ ցուցանիշի 10%-ով ավելացումը տնտեսական աճը նվազեցնում է տարեկան 0,2 տոկոսային կետով։ Համաձայն մեկ այլ գնահատականի՝ երբ ընդհանուր (այդ թվում մասնավոր) պարտք/ՀՆԱ ցուցանիշը անցումային տնտեսությամբ երկրներում հասնում է ՀՆԱ-ի նկատմամբ 60% մակարդակի, ապա տնտեսական աճը նվազում է 2 տոկոսային կետով, պարտքի ավելի բարձր մակարդակների դեպքում՝ կրճատվում կրկնակի։
Ամենայն հավանականությամբ հաշվի առնելով այս հանգամանքը՝ կառավարությունը որոշել է մարել ռուսական վարկը։ Արդյունքում պետական պետպարտք/նախորդ տարվա ՀՆԱ ցուցանիշն ըստ կանխատեսումների 2014-ին կմնա գրեթե նույն մակարդակում, ինչ այս տարի՝ 49,7%։ Կառավարությունը սակայն գնահատել է, որ փոխարժեքային շոկի դեպքում պետպարտք/նախորդ տարվա ՀՆԱ ցուցանիշը կարող է կազմել 59,8%։
Չնայած վարչապետի վերոնշյալ հայտարարության, չի բացառվում, որ կառավարությունը իրականում չի կարողանալու այս տարի սպասարկել պետական պարտքը և դիմում է ծայրահեղ քայլի՝ թողարկում արտարժութային պարտատոմսեր։
2013-ի ընթացքում միայն արտաքին պետական պարտքի գծով նախատեսվում է սպասարկել $418,6 մլն, որից $354,2 մլն՝ հիմնական գումարի մարման գծով, և $64,4 մլն՝ տոկոսավճար։ Միևնույն ժամանակ, կառավարությունը ծրագրել է ներգրավել ընդհանուր առմամբ $509 մլն-ի միջոցներ, իսկ պետբյուջեի պակասուրդը հասցնել ՀՆԱ-ի 2,64%-ի։ Չի բացառվում, որ գործադիրը դժվարությունների է առերեսվել նոր վարկային միջոցների ներգրավման հարցում, և պետպարտքի սպասարկման բեռը ստիպել է գնալ եվրապարտատոմսերի թողարկման ճանապարհով, իսկ ռուսական վարկը իրականում ժամկետից շուտ չի մարվելու։
Civilnet











