Մանկատները բռնություն ծնող օջախներ են
Ռուսաստանյան մանկատներից մեկում հենց մանկատան ավագ երեխաների կողմից երեխաներին ծեծի ենթարկելու համացանցում հայտնված փաստը, ըստ իս՝ զուտ ռուսական երևույթ չէ: Այդ փաստը համենայնդեպս կոմունիստների օրոք ընդունված էր նաև Հայաստանի մանկատներում:
Կայքերից մեկը գրել է, թե իրավապահները փորձում են պարզել, թե ինչն է ավագ երեխաների այդքան դաժան լինելու պատճառը: Պետք չէ որ իրավապահները պարզեն և պետք էլ չէ, որ հոգեբաններն զբաղվեն դրանով: Այսինքն, թող ամեն մեկն իր հերթին զբաղվի, սակայն պատճառը շատ պարզ է: Մանկատանը գոյություն ունի հիերարխիա: Հիերարխիան միշտ լիազորված է, այսինքն, ինչ-որ մեկը մյուսին ավելի խեղճի վրա իշխանությամբ է լիազորում, որպեսզի իրավիճակը պահի «կոնտրոլի» տակ: Բոլոր մանկատների հիմնական խնդիրն այն է, որ այնտեղ կարող են աշխատել երեխա չունեցող աղջիկներ: Մյուս խնդիրը՝ մանկատանը ոչ մի դաստիարակ իրավունք չունի աշխատելու երկար ժամանակով: Նրանք սովորում են այդ ծնողազուրկ երեխաների անպաշտպանվածությանը և մի տեսակ իրենց զգում անպատժելի:
Հայաստանում, որքան տեղյակ եմ, մանկատները բաց հիմնարկ են, ցանկացած լրագրող կարող է մտնել և զրուցել երեխաների հետ: Դա լավ է: Սակայն պարզ չէ՞, որ լրագրողն անցողիկ է, մինչդեռ նույն մանկատան ավագի կամ դաստիարակի դաժանությունը տեսած երեխան, ներառյալ ավագը և դաստիարակը՝ մնայուն: Հետևաբար, միշտ չէ, որ երեխաները խոստովանում են, թե ինչ բռնությունների են ենթարկվում: Հիերարխիայի պատճառը միշտ անպատժելիության զգացումն է, ամեն ինչ պետք է արվի, որ մանկատան աշխատողն իրեն անպատժելի չզգա: Շփվում ես նրա հետ, կարծես թե նորմալ կին է: Իսկ իրականում ռեժիմով երեխա է ծեծում: Մանկատներն ինքնին բռնություն ծնող օջախներ են, քանի որ իրենց էությամբ դրանք համակենտրոնացման ճամբարներ են: Բռնություն ծնվում է այն պարզ պատճառով, որ հարաբերություններն այնտեղ փակ շրջանի հարաբերություններ են, ամեն ինչ տեղի է ունենում ներսում: Երեխայի աչքերը միշտ էլ պատմում են բռնության մասին, սակայն պրոբլեմն այն է, որ բոլորն ուզում են երեխայի բերանից լսել բռնության փաստը: Չեն լսելու, որովհետև երեխան գիտի, որ ինքն ու դաստիարակը կամ ավագ երեխան ի վերջո մնալու են դեմ դիմաց:
Անհրաժեշտ է, որ պետությունը (Հայաստանի դեպքում դա, իհարկե, խնդիր է) ամեն ինչ անի մանկատան երեխաներին դրսի հետ ինտեգրելու համար: Այսինքն, ոչ թե, ասենք, պարի կամ գորգագործության խմբակներ բացի մանկատան ներսում, այլև դա անի մանկատնից դուրս, որտեղ երեխաները ծնողատեր մյուսների հետ հավասարի իրավունքով կպարապեն: Երեխան պետք է զգա, որ ցանկացած պահի կարող է անկեղծանալ ցանկացածի հետ: Մանկատները փակում են երեխային: Հետմանկատնյան երեխայի ագրեսիան նրա տարիներով փակ լինելուց է, նաև այն բանից, որ երբեք ոչ մեկին ոչինչ չի պատմել, նա չի լիցքաթափել իր անզորությունը: Պետության դեպքում հիմարություն է ունենալ փակ համակարգում մեծացած երեխաներ, որովհետև ինքը՝ պետությունը, ագրեսիվ հոգիներ է մեծացնում: Ես վստահ եմ, որ Հասյաստանում էլ կան այդպիսի ավագ երեխաներ և դաստիարակներ:
1980-85 թվականներին Գավառի մանկատանը մի տնօրեն կար, որը հյուրեր էր բերում մանկատուն և նրանց ներկայությամբ երկաթե գոտիով, որը պահում էր իր աշխատասենյակի բազմոցի մեջ, ծեծում երեխաներին: Ամենասարսափելին այն էր, որ ինք դա անում էր ծիսական ցուցադրությամբ: Շարում էր երեխաներին պատի տակ, ինչպես հայտնի տեսանյութում, զարմանալի զգուշությամբ 60 տարեկան հասակին բարձրացնում բազմոցը և հրճվանքով հանում երկաթե գոտին: Ու սկսում էր ուշ գիշերով «մշակել» քունը մինչև վերջ չառած երեխաներին: Գիտեմ, որ այժմյան տնօրենը բռնության հանդեպ խիստ է և հատկապես ամեն ինչ արեց, որ մանկատունը դառնա բաց հիմնարկ: Սակայն այս խնդիրը միայն մանկատներին չի վերաբերում, այլ բացառապես «պետական հոգածության» բոլոր խնամատար հիմնարկներին: Իմ աչքի առաջ Սևանի հոգեբուժարանում տարիներ առաջ մի դայակ ծեծում էր հիվանդներից մեկին: Սիսիանի զորամասում հրամանատարի տեղակալը հենց իմ ներկայությամբ 50 զինվորի հավաքել էր մի սենյակում և ասում էր. «Եթե ուզում եք կենդանի վերադառնալ տուն, խելոք մնացեք»:
Այնպես որ, կա՛մ թող հրաժարվեն մանկատներից, գիշերօթիկներից, մանկապարտեզներից, բանակից, հոգեբուժարաններից, կա՛մ թող բռնություն գործադրողների միջից հանեն անպատժելիությունը: Իսկ անպատժելիության ակունքները գիտե՞ք ինչի մեջ են. այն բանի, որ զինվորը կգնա, կգա մյուս զինվորը, այս երեխան կգնա, կգա մյուս երեխան, իսկ ինքը մնացող է, ինքը գործ է անում, ինքը հարց է լուծում, ինքն ամեն ինչ պահում է «կոնտրոլի» տակ: Եվ փաստորեն պետությունը դառնում է բռնության բարձր հովանավոր:
Մհեր Արշակյան










