Լուսանկարը` Mtc.am-ի
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը մայիսի 20-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչներին՝ ԱԶԲ-ի «Հյուսիս-հարավ ծրագրի» Տրանսպորտային ծրագրերի ղեկավար Պրիանկա Սենեվիրանտեի գլխավորությամբ, հաղորդում են տրանսպորտի և կապի նախարարության մամուլի ծառայությունից:
Հանդիպմանն ԱԶԲ-ի ներկայացուցիչները Գագիկ Բեգլարյանին են ներկայացրել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի ներկայիս ընթացքի վերաբերյալ իրենց ուսումնասիրության արդյունքները, իրավիճակի գնահատականը, առաջացած տեխնիկական խնդիրներն ու դրանց լուծման ուղղված տարբերակները, ինչպես նաև հստակեցրին ապագա աշխատանքների մասին պատկերացումները:
Նախարարը մեկ անգամ ևս ընդգծել է «Հյուսիս-հարավ»-ի` սահմանված ժամկետում աշխատանքների կատարման բարձր որակի ապահովման անհրաժեշտությունը, արդյունավետ գնահատել ԱԶԲ-ի կատարած ուսումնասիրության արդյունքներն ու իրավիճակի գնահատականի մասին եզրակացությունը, ինչն էլ կարող է ապահովել ծրագրի առաջընթացը:
Գագիկ Բեգլարյանը շնորհակալություն է հայտնել ԱԶԲ-ին համագործակցության համար և հույս հայտնել, որ ծրագրի շրջանակում հետագա աշխատանքները կունենան բարեհաջող ընթացք:
Հիշեցնենք, որ ԱԶԲ-ն դեռ 2009թ. սեպտեմբերին որոշում էր ընդունել Հայաստանում 556 կմ երկարությամբ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցք ներդրումային նախագծի իրականացմանը հատկացնել $500 մլն-ի վարկային միջոցներ։ Գումարից $230 մլն-ը «Տրանշ-1» ($60 մլն) և «Տրանշ-2» ($170 մլն) ծրագրերով հատկացվել են համապատասխանաբար 2009թ. վերջին և 2010թ.։ Հաջորդած տարիներին այս միջոցներով աշխատանքներ գրեթե չեն իրականացվել։
Civilnet











