Գլխավոր Լրահոս

Ատոմակայանն էլ պետք չէ

Ատոմակայանն էլ պետք չէ

Նախագահ Սերժ Սարգսյանը 2012թ. խոստանում էր Մեծամորի ատոմակայանի միջուկային նոր էներգաբլոկի շինաշխատանքները սկսել 2014թ.։ Կառավարությունը, սակայն, հրաժարվել է այս ձեռնարկից՝ ջանքերը կենտրոնացնելով գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ուղղությամբ։ Երկու այս հնարավորություններին էլ դեմ են Եվրամիությունում։

Կառավարության գործունեության 2013-2017 թթ. ծրագրի նախագծում որևէ անդրադարձ չկա Մեծամորի ատոմակայանում միջուկային նոր էներգաբլոկի կառուցմանը։ Եվ սա այն դեպքում, երբ Տիգրան Սարգսյանի կառավարության 2012-2017 թթ. ծրագրում (հաստատվել էր 2012թ. հունիսին) նշված էր. «Կառավարությունը շարունակելու է նաև Հայկական ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկի կառուցման ուղղությամբ կատարվող աշխատանքները»։

Անցած հինգշաբթի (մայիսի 16-ին) Ազգային ժողովի հաստատմանը ներկայացված գործունեության նոր ծրագրում կառավարությունն ընդամենը նշել է. «Հայաստանի կառավարությունը շարունակելու է Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի անվտանգության աստիճանի բարձրացմանն ուղղված աշխատանքների իրականացումը, և կկատարվեն աշխատանքներ գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ուղղությամբ»։

Անցած մեկ տարվա ընթացքում գերակայությունների նման փոփոխությունն անհասկանալի է, եթե հաշվի առնենք, որ օրինակ 2012թ. ապրիլի 11-ին խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, թե Հայաստանի համար առաջնահերթ է ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցումը, և կառավարությունը ծրագրել է մինչև 2014թ. սկսել նոր էներգաբլոկի հիմնային աշխատանքները։

Այժմ պարզվում է՝ գործադիրը ոչ միայն չի սկսելու հիմնային աշխատանքները, այլև նախագիծն ընդհանրապես առաջիկա չորս տարիներին կյանքի չի կոչվելու։

Գործադիրը, իհարկե, ավելի մեծ ուշադրություն է դարձրել ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանը, սակայն հաշվարկները ցույց են տալիս, որ երկրի էներգետիկ անվտանգությունը երաշխավորելու համար անհրաժեշտ է զուգահեռաբար սկսել նաև միջուկային նոր էներգաբլոկի շինարարության աշխատանքները։

Բանն այն է, որ ՀԱԷԿ-ի գործող՝ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետն ավարտվում է 2016թ., իսկ միջազգային փորձը ցույց է տալիս՝ վերջինիս շահագործման ժամկետը հնարավոր է երկարաձգել առավելագույնը 10 տարով։ Նոր միջուկային էներգաբլոկի կառուցման աշխատանքները, փորձագետների ամենալավատեսական գնահատականներով, կարող են տևել 5-7 տարի։

Միջուկային նոր էներգաբլոկի կառուցման ծրագիրը երկրորդ պլան մղելն ու երկրի էներգետիկ անվտանգությունը վտանգելը պայմանավորված է նախևառաջ ֆինանսական խնդիրներով։ Եթե Մեծամորի ատոմակայանը շահագործումից հանելու համար նախնական գնահատականներով անհրաժեշտ է $239 մլն, ապա 1060 Մվտ դրվածքային հզորությամբ միջուկային նոր էներգաբլոկի կառուցման համար կպահանջվի $5,2-7,2 մլրդ։ Գումարի մոտ կեսը պատրաստ է ներդնել Ռուսաստանը։ Մյուս հատվածը պետք է ապահովի Հայաստանի կառավարությունը։

Թեև անցած տարվա ապրիլի 19-ին գործադիրը որոշում է ընդունել սկսել Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման գործընթացը և էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը հանձնարարել մինչև 2013թ. օգոստոսի 1-ը գնահատել այդ աշխատանքի համար պահանջվող ֆինանսական միջոցների ծավալը, իսկ մինչև 2013թ. սեպտեմբերի 1-ը կառավարության հաստատմանը ներկայացնել շահագործման երկարացման ծրագիրը, վերջինս կարող է և կյանքի չկոչվել։

Բանն այն է, որ Մեծամորի ատոմակայանի գործող էներգաբլոկի ոչ միայն շահագործման ժամկետի երկարաձգմանը, այլև ընդհանրապես շահագործմանը դեմ է Եվրամիությունը։ Ըստ Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի 2013թ. մարտի 20-ին հրապարակած «Հարևանության ամենամյա փաթեթ» փաստաթղթի՝ անհրաժեշտ է աշխատել Մեծամորի ատոմակայանը հնարավորինս վաղ փակելու ուղղությամբ և ընդունել կայանի շահագործման դադարեցման մանրակրկիտ ծրագիր։

Պայմաններում, երբ ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի հետագա շահագործման հարցում Հայաստանը ենթարկվում է լուրջ ճնշումների, կառավարության կողմից միջուկային նոր էներգաբլոկի կառուցման ծրագիրը երկրորդ պլան մղելը առնվազն տարօրինակ է։

Ի դեպ՝ Ազգային ժողովում կառավարության գործունեության ծրագրի քննարկման ժամանակ երեկ Տիգրան Սարգսյանը, պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, նշել է, թե ատոմակայանի կառուցումից չեն հրաժարվել, պարզապես գործընթացը հետաձգել են 2 տարով, իսկ պատճառը ֆինանսական միջոցներն օպտիմալ կառավարելու խնդիրն է: «Նոր ատոմակայանը պետք է կառուցվի այն ժամանակ, երբ վերջնականապես շահագործումից կհանվի գործող ատոմակայանը: Երբ պարզ կլինի, թե որքան է հնարավոր երկարաձգել գործող էներգաբլոկի շահագործումը, կկողմնորոշվենք, թե երբ կառուցենք նորը»,– ասել է վարչապետը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում