Կառավարության ծրագիրը բավականաչափ իրատեսական է. «Արմնյուզ»-ի «Բանաձև» հաղորդման շրջանակում նշեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանը: «Մեզ մոտ աշխատավարձերի աճը դրված է սահմանային արագությամբ, մենք ասում ենք՝ նվազագույն աշխատավարձը կրկնապատկվելու է, բայց եթե նվազագույն աշխատավարձը միանգամից բարձրացնենք, կունենանք շատ վատ արդյունքներ՝ ստվերը կմեծանա»: Ըստ Վաչե Գաբրիելյանը՝ նվազագույն աշխատավարձը հինգ տարում կրկնապատկելով է միայն հնարավոր պահպանել աշխատատեղերը և ավելացնել նորերը, իսկ եթե դա արվի անմիջապես, ապա մեծապես կհարվածի փոքր և միջին ձեռնարկատիրությանը:
Պատասխանելով աղքատության ավելացման և սոցիալական խնդիրների հավելմանը՝ Գաբրիելյանն ասաց, որ ճգնաժամը հարվածել է թե Հայաստանին, թե ողջ աշխարհին: «Միացյալ Նահանջներում ևս աղքատների թիվն ավելացել է, Ֆրանսիայում ավելացել է, այդպիսի զարգացած երկիր չկա, որտեղ ճգնաժամի արդյունքում աղքատությունը չի ավելացել,- նշեց նա,- այդ համաշխարհային մասշտաբի իրողությունը եղել է և մեզ վրա ևս ազդել է»:
«Կա՞ արդյոք արտագաղթի խնդիր, իհարկե՝ կա: Պե՞տք է դրա դեմ պայքարել, իհարկե՝ պետք է: Բայց դա մեկ գործողություն չէ, դրա պատճառը մեկը չէ: Պետք է մարզերում լավ պայմաններ ստեղծել, այն շրջաններում, որտեղից մեծ է արտագաղթը, բարվոքել կրթության և առողջապահության հարցերը: Բազմաթիվ խնդիրներ կան»,- նշեց նա՝ հավելելով, որ ամեն շրջանի համար կառավարությունը որոշակի նախագծեր պիտի մշակի՝ ելնելով կառավարության ծրագրի դրույթներից:
Գյումրիում, ըստ Գաբրիելյանի, տեխնոպարկի շինարարությունն է մեկնարկել, իսկ Ամասիայում «Գլորիա» տեքստիլի ընկերությունը դիմել է մասնաճյուղ ունենալու համար, և այդ հարցը քննարկվում է կառավարությունում: «Եթե մենք տալիս ենք նպաստ, ապա դա լավ է, քանի որ իջեցնում է աղքատության մակարդակը: Սակայն եթե նպաստի մակարդակը մոտենում է նվազագույն աշխատավարձին, ապա հարց է ծագում, ինչի՞ պիտի ես աշխատեմ, եթե նույն գումարը կստանամ՝ որպես նպաստ»,- նշեց նա՝ հավելելով, որ այս ծրագիրը թիրախային պիտի դառնա՝ կից ծրագրերով սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին հնարավորություն տալով ուսանել, ունենալ առավել բարձր վարձատրվող աշխատանք, և դուրս գալ այդ սոցիալական խմբից:
Գազի գնաճին անդրադառնալով՝ Գաբրիելյանը նշեց, որ ամենայն հավանականությամբ, կթանկանա նաև էլեկտրաէներգիան, և մյուս ապրանքներն ու ծառայությունները, որ ուղղակի կամ անուղղակի կապ ունեին գազի ու էլեկտրաէներգիայի հետ:
Civilnet











