Գլխավոր Լրահոս

Կարկտահարությունից վնասված տարածքներից բերք չեն ստանա, բայց ծախսեր պիտի անեն. Հ.Բերբերյան

Կարկտահարությունից վնասված տարածքներից բերք չեն ստանա, բայց ծախսեր պիտի անեն. Հ.Բերբերյան

Կարկտահարության վնասը $35-40 մլն է՝ վնասված տարածքներում թանկարժեք կուլտուրաներ էին. նշեց Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդման շրջանակում: Ըստ նրա՝ պետությունը այդ վնասը չի կարող հատուցել, սակայն գյուղացուն օգնել պարտավոր է:

«Վերջին 7-8 տարին միշտ էլ կարկուտներ եղել են, վնասներ եղել են, գյուղացին բողոքել է, անցել-գնացել է: Այդ անգամ վնասը մեծ եղավ, գյուղացու համբերության բաժակն էլ լցվեց»,- նշեց նա՝ փաստելով, որ եթե ներկրված հակակարկտային կայաններն արդյունավետ աշխատեին, ապա արդյունավետ կաշխատեին նաև նույն Արգենտինայում, որտեղից ներկրվել են, մինչդեռ այնտեղ այս տարի շուրջ 100 հազար հա խնձորի այգի է կարկտահարվել, բերքն ամբողջությամբ փչացել: «Ինչ-որ չակերտավոր մասնագետներ մեկնեցին Արգենտինա, ինչ-որ զեկուցագիր գրվեց, տրվեց այն հանձնաժողովին, որի անդամ էի նաև ես, միայն ես դեմ եղա, ինձ հեռացրին այդ հանձնաժողովից, այդ սարքերը ներկրեցին»,- ասաց նա: Բերբերյանը հաղորդեց, որ պատրաստվում է գյուղնախարարին նամակով հարցում անել. «Պիտի հարցնեմ, թե ուր են անհետացել Չելյաբինսկից ներկրված 200 բալոն ացետիլենը, որ հիմա պրոպան են կրակում: Ի՞նչ են անում: Ո՞նց են նայում իրենց երեխաների աչքերի մեջ»:

Ըստ Բերբերյանի՝ հնարավոր է բերքը կարկուտից արդյունավետորեն պաշտպանել՝ օգտագործելով ավիացիան՝ կրակելով ամպի մեջ կամ էլ, ըստ իտալական տեխնոլոգիայի, ցանցապատել հողատարածքները: Նա նշեց նաև, որ արգենտինյան սարքերը պիտի աշխատեին ացետիլենով, սակայն մեզ մոտ աշխատում են պրոպան-բութանով: «Գուցեև ճիշտ է: Բայց իմ խորին համոզմամբ՝ չի կարելի բենզինի համար նախատեսված մեքենան օգտագործել դիզվառելիքով,- ասաց նա՝ հավելելով- եթե ցանցային համակարգը ներդրվեց, ապա ապահովագրական գործակալությունները կլինեն շահագրգռված, քանի որ դա պաշտպանում է նաև մինուս 3-5 աստիճան ցրտից: Սակայն մենք գտնում ենք, որ գյուղացին պիտի լինի նաև այդ գործակալությունների բաժնետեր, քանի որ դրանք, ինչ էլ լինի, շահույթ հետապնդող կազմակերպություններ են: Ուրեմն, գյուղացին պիտի որոշի, թե այդ ծառայությունը՝ ապահովագրությունը, ինչ գնով պիտի մատուցվի»:

Բերբերյանը փաստեց, որ կառավարության օգնությունը կարկտահարված տարածքների սեփականատերերին անհրաժեշտ է, քանի որ գյուղացին թեպետ նշված հողատարածքներից այս տարի այլևս բերք չի ստանալու, սակայն ծախսեր պիտի անի՝ պիտի ոռոգի, որպեսզի այգին չչորանա, պիտի խնամի:

«Եթե գյուղը չաշխատի, քաղաքը չի զարգանա. գոնե թող պատմությունը ուսումնասիրեն: Քաղաքը առաջացել է միայն այն ժամանակ, երբ գյուղն ավելցուկ է ունեցել: Հայաստանի հողը կարտոֆիլի համար ամենալավն է՝ ոչ Վրաստանը, ոչ մի ուրիշ երկիր այդքան հարմար հող չունի կարտոֆիլի համար: Կարող ենք խաղողագործությունը զարգացնել. կարող ենք շատ ուրիշ ուղղություններով աշխատել»,- նշեց նա:

Բերբերյանը նշեց նաև, որ այս տարի կա անասնակերի լուրջ պակաս. «Տեսեք, պանրագործները հայտարարեցին, որ պանիրը անհետանում է, քանի որ կաթն է պակասել. այսինքն՝ անասնագլխաքանակն է պակասել: Եկան մարդիկ, փորձեցին համոզել հակառակը՝ կապելով մայիս ամսվա ծնի հետ: Բայց պանիրը պատրաստվում է դեկտեմբերի կաթից. հիմա ինձ ասեք, դեկտեմբերի կաթից ստացվող մարտի պանիրը ինչո՞ւ պիտի պակաս լինի... գլխաքանակ չկա»,- նշեց նա:

Մասնագետի դիտարկմամբ՝ միսը կթանկանա, քանի որ «շատ են մորթել, հիմա կխնայեն», ընդհանուր առմամբ, բանջարեղենն ու միրգը ևս կթանկանան, ոլորտի վրա կազդի նաև գազի թանկացումը. «Էդ նույն գյուղացին գազի բալոնով մեքենա ունի, որով մթերք է տեղափոխում, ջերմոցները առանց այդ էլ հազիվ էին ծերը ծերին հասցնում, բերքի գնի վրա չի կարող չազդել»:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում