Գլխավոր Լրահոս

«ՀայՌուսգազարդը» ցանկանում է կրկնապատկել աշխատավարձերը

«ՀայՌուսգազարդը» ցանկանում է կրկնապատկել աշխատավարձերը

Հայաստանի համար ռուսական գազի 50% թանկացումը իրականում պետք է հանգեցնի բնակչության համար սակագնի 44% բարձրացման (մինչև Դ190/1000 խմ), մինչդեռ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին մայիսի 14-ին ներկայացրած (ՀԾԿՀ) հայտով «ՀայՌուսգազարդն» առաջարկում է վերջնական սպառողների համար գազը թանկացնել ավելի քան 60%-ով: ՀԾԿՀ-ին ներկայացրած հայտում ուշագրավ փաստեր կան. պարզվում է՝ «ՀայՌուսգազարդը» ծրագրում է կրկնապատկել ընկերության ընթացիկ ծախսերը և աշխատավարձերը:

«ՀայՌուսգազարդը» ՀԾԿՀ-ին առաջարկում է բնակչության համար 1000 խմ գազի ներկայիս գինը Դ132 հազ-ից բարձրացնել մինչև Դ221 հազ., իսկ խոշոր գազ սպառողների համար՝ $243,13-ից մինչև $392,05: Սակագնի այս բարձրացումը մասամբ է հիմնավորված։
Խնդիրն այն է, որ բնակչության համար 1 խմ ներկայիս Դ132 սակագնում Դ69,5-ը գազի գինն է, իսկ Դ62,5-ը՝ հաստատուն ծախսերը (համակարգի շահագործում, պահպանում, շահույթ)։ «ՀայՌուսգազարդի» առաջարկած Դ221 սակագնում գազի գինը կազմում է Դ113,4, իսկ հաստատուն ծախսերը՝ Դ107,6: Փաստացի ռուսական գազի գնի 50% թանկացման և բնակչության համար իրացման ծավալների անփոփոխ մնալու պայմաններում (ծրագրվել է 2013-2014 թթ. իրացնել 605 մլն խմ ) ընկերության հաստատուն ծախսերը մեկ միավորի հաշվով ավելանում են ավելի քան 70%-ով։

Նման բան իրականում չի կարող տեղի ունենալ, քանի որ հաստատուն ծախսերի և գազի ձեռքբերման գնի փոփոխության մեջ չի կարող որևէ կապ լինել՝ բացառությամբ ԱԱՀ-ի գծով վճարումների։ Ռուսական գազի գնի բարձրացման հետևանքով ԱԱՀ-ի վճարումները 1 խմ-ի հաշվով ավելանալու են Դ15-ով՝ մինչև Դ37։ Հաշվարկներից երևում է, որ միայն գազի գործոնով պայմանավորված 1 խմ գինը պետք է բարձրանա ոչ թե 67%-ով, այլ 44%-ով՝ մինչև ֌190։ Ստացվում է, որ բնակչության համար գազի թանկացումը մասնակի է պայմանավորված գազի բաղադրիչով։

«ՀայՌուստազարդը» հաստատուն ծախսերն ավելացրել է նախ խոշոր գազասպառողների սակագնում։ Եթե խոշոր գազասպառողների 1000 խմ գազի ներկայիս սակագնում հաստատուն ծախսերը կազմում են $63,13, որից $40-ը՝ ԱԱՀ, ապա առաջարկվող սակագնում այն ավելանում է մինչև $122, որից $65-ը՝ ԱԱՀ։ Սա այն դեպքում երբ խոշոր գազասպառողներին իրացվող գազի ծավալները նախատեսված է ավելացնել 10%-ով (ծրագրվում է իրացնել 1 մլրդ խմ)։ Իրացման ծավալների աճն իրականում պետք է բերեր մեկ միավորի հաշվով հաստատուն ծախսերի կրճատման, այնինչ «ՀայՌուսգազարդի» դեպքում տեղի է ունեցել հակառակ պատկեր։

Աշխատավարձերի կրկնապատկում
«ՀայՌուսգազարդի» կողմից ՀԾԿՀ ներկայացրած ֆինանսական փաստաթղթերից երևում է, որ հաստատուն ծախսերի ավելացումը պայմանավորված է ոչ թե ներդրումներով, այլ ընդամենը ընթացիկ ծախսերի կրկնապատկումով։ 2010թ. ծրագրված ցուցանիշների համեմատ շահագործման և պահպանման ծախսերն ընկերությունը 2013թ. հուլիս-2014թ. հուլիս ժամանակահատվածում նախատեսում է կրկնապատկել՝ մինչև Դ22 մլրդ։ Գազատեղափոխման և բաշխման համակարգի շահագործման և պահպանման ծախսերի ավելացումը հիմնականում տեղի է ունենալու աշխատավարձի ֆոնդի ավելացման հետևանքով։ Աշխատավարձային ֆոնդն աճելու է ինչպես աշխատակիցների թվաքանակի, այնպես էլ աշխատավարձերի վերանայման արդյունքում։ 2010թ. սակագներ հաշվարկելիս ՀԾԿՀ-ն հիմք էր ընդունել, որ ընկերությունում պետք է աշխատեն 4792 մարդ, իսկ միջին աշխատավարձը պետք է կազմի Դ100 հազ.։ Սակագինը հաշվարկելիս հիմք էին ընդունվել Դ5,75 մլրդ աշխատավարձային ֆոնդը և ֌1 մլրդ պարտադիր սոցվճարների գծով հատկացումները։
Այժմ ՀԾԿՀ ներկայացրած հայտում «ՀայՌուսգազարդը» նշում է 6 հազ. աշխատակիցների գծով ծախսերը։ Ստացվում է, որ ընկերության ապարատն ուռճացված է, քանի որ ՀԾԿՀ-ն հաշվարկել էր, որ համակարգը հնարավոր է սպասարկել 25%-ով ավելի քիչ աշխատակիցներով։ «ՀայՌուսգազարդը» ոչ միայն ուռճացրել է ապարատը, այլև ծրագրել է, որ այս տարի պետք է կատարի Դ14,88 մլրդ-ի ծախսեր աշխատավարձի գծով, ինչը կազմում է համակարգի շահագործման և պահպանման ծախսերի 67,6%-ը։ Ընկերության ներկայացրած աշխատակիցների թվաքանակից և աշխատավարձային ֆոնդի ծավալից ստացվում է, որ ընկերությունում միջին աշխատավարձը կկազմի Դ207 հազ.։ Փաստացի ընկերությունը ծրագրել է միջին աշխատավարձերը բարձրացնել երկու անգամ։ Եթե նույնիսկ հաշվի առնենք 2010-2013 թթ. ժամանակահատվածում միջին տարեկան գնաճը, միևնույն է, նման ինդեքսավորումը հիմնավորված չէ։

Ընկերությունը կրկնապատկել է նաև «այլ ծախսերը», և 2013-2014 թթ. նախատեսում է ծախսել Դ6,2 մլրդ, որից Դ1,4 մլրդ-ը գումարների հավաքագրման ծառայությունների ծախսերն են։ Ընկերությունը ծրագրել է նաև, որ հաշվետու ժամանակահատվածում պետք է ստանա Դ12 մլրդ-ի շահույթ։

Հասկանալի է, որ ՀԾԿՀ-ն ամբողջովին չի բավարարի ընկերության ներկայացրած ծախսերը: Սակայն «ՀայՌուսգազարդի» հաշվարկներից երևում է, որ ընկերությունը սոցիալական որևէ պատասխանատվություն չի ցանկանում կրել։ Օրինակ՝ ընկերությունը ծրագրում է քառակի ավելացնել գործուղման և ներկայացուցչական ծախսերը՝ մինչև Դ200 մլն։

Բացի ընթացիկ ծախսերի կրկնապատկումից՝ ավելանալու են «ՀայՌուսգազարդի» կողմից վճարվելիք ԱԱՀ-ի ծավալները։ Սակագնի հաշվարկման հիմքում դրվել է, որ ընկերությունն ընդհանուր առմամբ պետք է վճարի Դ52,4 մլրդ-ի ԱԱՀ, այն դեպքում, երբ 2010թ. սակագները հաշվարկելիս հիմք էր ընդունվել Դ28,4 մլրդ-ը։ ԱԱՀ-ն անուղղակի հարկ է, և այն իրականում վճարում է վերջնական սպառողը, ոչ թե «ՀայՌուսգազարդը»:

Լուսանկարը` Ֆոտոլուրի

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում