Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում բանկային համակարգում զուտ շահույթը կրճատվել է երկու անգամ, նվազել է շահութաբերության մակարդակը, վատթարացել է վարկային պորտֆելի որակը։
Այս տարվա առաջին եռամսյակում բանկերի գործերն այդքան էլ հաջող չեն եղել։ Հունվար-մարտը բանկերը փակել են մոտ Դ4 մլրդ զուտ շահույթով՝ անցած տարվա նույն ամիսների Դ7,8 մլրդ-ի համեմատ։ Բանկային համակարգում զուտ շահույթի համարյա կրկնակի նվազումը ուշագրավ է, եթե հաշվի առնենք, որ հաշվետու ժամանակահատվածում բանկերի վարկային պորտֆելն աճել է 20%-ով։ Մյուս կողմից՝ առաջին եռամսյակի վերջի դրությամբ ընդհանուր պարտավորությունների ծավալը (մարտի վերջին կազմել է Դ2,16 տրլն) 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 30%-ով։
Շահույթի կրճատման արդյունքում հունվար-մարտին ROE-ն (կապիտալի եկամտաբերությունը) կազմել է 1%՝ նախորդ տարվա 1,6%-ի դիմաց, իսկ ROA-ն (ակտիվների շահութաբերության մակարդակը)՝ 0,15%՝ 2012թ. նույն ժամանակահատվածի 0,31%-ի համեմատ։
Բանկային շահույթների նվազման հիմնական պատճառն այն է, որ ոլորտում այս հունվար-մարտին 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ տոկոսային եկամուտների աճը ավելի դանդաղ է եղել (10,5%), քան տոկոսային ծախսերինը (34,3%)։ Բանկերը, փաստորեն, մի կողմից նվազեցրել են վարկերի տոկոսադրույքները, մյուս կողմից՝ բարձրացրել ավանդների տոկոսադրույքները։
Հաշվետու ժամանակահատվածում վատթարացել է նաև բանկերի վարկային պորտֆելի որակը։ Մարտի վերջին պորտֆելում չաշխատող վարկերի մասնաբաժինը կազմել է 5,2%, այն դեպքում, երբ 2012թ. մարտի վերջին այն 4,6% էր։ Վարկային պորտֆելում խնդրահարույց վարկերի հիմնական մասը դասակարգված է որպես «հսկվող»։ Առաջին եռամսյակի վերջին չաշխատող վարկերի մասնաբաժինն ավելացել է 0,6-տոկոսային կետով (գումարային արտահայտությամբ՝ Դ24 մլրդ-ով), իսկ խնդրահարույց վարկերի ծավալը եռամսյակի վերջին կազմել է Դ94 մլրդ։
Բանկային համակարգում ընդհանուր ֆինանսական ցուցանիշների վատթարացումը հանգեցրել է նրան, որ ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների հարաբերությունը ինը բանկում եղել է 12%-ից ավելի (նվազագույն չափ), սակայն 15%-ից քիչ։ Անցած տարվա առաջին եռամսյակում այս միջակայքում ընդամենը չորս բանկ էր։
Առաջին եռամսյակում կրճատվել է նաև բանկերի իրացվելիությունը։ Այսպես՝ եթե անցած տարի բարձր իրացվելի ակտիվներ/ընդհանուր ակտիվներ հարաբերությունը 16 բանկում գտնվել է 15-30% միջակայքում, այս տարվա առաջին եռամսյակում այդ բանկերի թիվն արդեն 13 է։
Civilnet











