Ռուսաստանի կողմից Հայաստան առաքվող բնական գազի գնի 50%-ով բարձրացման ֆոնին Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը կազմակերպել էր երկրի էներգետիկ ոլորտի ապագային նվիրված համաժողով։ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի խոսքով՝ համաժողովի նպատակը ներկրվող էներգակիրներից երկրի կախվածությունը նվազեցնելու, ինչպես նաև էներգախնայողության ուղղությամբ հնարավորությունների քննարկումն է։
Մայիսի 22-ին ԱՄՆ դեսպանատունը Երևանում կազմակերպել էր համաժողով՝ «Հայաստանի էներգետիկ ոլորտի ապագան. վերականգնվող էներգիայի և էներգախնայողության հարցերը Հայաստանում» թեմայով։ Համաժողովի ընթացքում դիտարկվեցին էներգետիկ աղբյուրների հետագա դիվերսիֆիկացման ու էներգախնայողության մեծացման ասպարեզներում Հայաստանի համար առկա հնարավորությունները։
Ըստ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի՝ համաժողովի նպատակն է քննարկել, թե ինչպես նվազեցնել էներգետիկ կախվածությունը ներկրվող էներգակիրներից, ինչպիսի քայլեր են անհրաժեշտ էներգախնայողության ուղղությամբ։ Դեսպանը նշեց նաև, որ էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացումն ու անվտանգության ապահովումը կարևոր խնդիր է Հայաստանի համար, քանի որ այն չունի ածխաջրածնային ռեսուրսներ։ «Անհրաժեշտ է, որ Հայաստանը ուսումնասիրի էներգետիկ աղբյուրների օգտագործման հնարավորությունները։ Էներգետիկ անվտանգության և դիվերսիֆիկացման տեսակետից կարևոր է այլընտրանքային էներգետիկայի զարգացումը»,- ասաց դեսպանը։
Համաժողովին ներկա էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նշեց, որ վերջին տարիներին կառավարությունը լուրջ քայլեր է կատարել այլընտրանքային էներգետիկայի զարգացման ուղղությամբ։ Էներգախնայողության բնագավառում, սակայն առկա են լուրջ անելիքներ։
ՍիվիլՆեթի հարցին՝ թե որքանով է ճիշտ վերջնական սպառողների համար ռուսական գազի գինը 30%-ով համատարած սուբսիդավորելու կառավարության որոշումը, Ջոն Հեֆերնը ասաց, որ գազի գնի շուրջ բանակցություններն ընթանում են Հայաստանի և Ռուսաստանի միջև են, այդ հարցում ԱՄՆ-ը ներգրավված չէ։ Դեսպանը նշեց նաև, որ որևէ մեկնաբանություններ չունի Ռուսաստանի կողմից Հայաստանի համար գազի գնի փոփոխության շարժառիթների վերաբերյալ, քանի որ Հայաստանը և Ռուսաստանը սերտ գործընկերներ են։ «Գազի գնի փոփոխությունը մեծ հասարակական հնչեղություն ունեցող հարց է, և մենք հորդորում ենք, որ այդ աշխատանքները կատարվեն առավելագույն թափանցիկության ապահովմամբ»,- ասաց ԱՄՆ դեսպանը՝ հավելելով, թե սուբսիդավորման հարցի որոշումը պետք է կայացնի Հայաստանի կառավարությունը՝ Ազգային Ժողովի և ժողովրդի հետ միասին։
ԱՄՆ դեսպանատան կողմից պատրաստված ու համաժողովին տարածված հաղորդագրությունում ուշագրավ որոշ դրույթներ կային։ Մասնավորապես, նշվում էր, որ Հայաստանի էներգետիկ անվտանգության հարցը դեռ լուծված չէ և երկիրը շարունակում է այս տեսանկյունից կախվածության մեջ լինել էներգակիրների ներմուծումից: «Էներգետիկ անվտանգության առումով Հայաստանի առաջ ծառացած հիմնական մարտահրավերներն են ներմուծվող նավթից և բնական գազից կախման մեջ լինելը, դրանից բխող ներմուծվող հումքի գնային տատանումները, Մեծամորի ատոմակայանի հետագա շահագործման ապահովումը և այլընտրանքային ու վերականգնվող էներգետիկ աղբյուրների սահմանափակ զարգացումը»,- նշվում էր հաղորդագրությունում:
Ուշագրավ է, որ կառավարության կողմից 2011թ. վերջին ընդունված «Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգում» կախվածությունը նավթի և բնական գազի ներմուծումից չի դիտարկվում որպես մարտահրավեր։ Հայեցակարգում որպես էներգետիկ անվտանգության արտաքին սպառնալիք նշվում է վառելիքաէներգետիկ ռեսուրսների մատակարարումների ընդհատումները, հյուսիսային գազատարի երկարատև խափանումը կամ հյուսիսային և հարավային գազատարների միաժամանակյա խափանումը՝ մասնավորապես ձմեռային ժամանակահատվածում, նավթամթերքների ներկրման կարճաժամկետ կամ առավել վտանգավոր՝ երկարաժամկետ խափանումները, վառելիքաէներգետիկ ռեսուրսների շուկայում կոնյուկտուրային տեղաշարժերն ու գների կտրուկ փոփոխությունը։
Civilnet











