Գլխավոր Լրահոս

Այս գիրը վերնագիր չունի. Ալենի ու Սոսեի հիշատակին

Հենց մեքենայի պատուհանից բարևեցի և հարցրեցի ճամփեզրի խանութներից մեկի տիրոջը:

Երիտասարդ ադրբեջանցին պատասխանեց ռուսերեն. «Հիսուն մետր անցել եք: Խաչմերուկում է պատահել»:

Ավանը Շուլավերն է՝ հայ-ադրբեջանցի-վրացի խառը բնակչությամբ: Այստեղով շատ հաճախ եմ անցել:

Թբիլիսի մեկնելու ճանապարհին՝ մայիսի 18-ին, մենք Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցուց մի քանի մոմ վերցրեցինք, որպեսզի վառենք այն վայրում, որտեղ ավտովթարի հետևանքով զոհվել էին Ալենն ու Սոսեն:

Հարևանությամբ ադրբեջանական «Սոկար» բենզալցակայանն է, դիմացը՝ ոստիկանության բաժանմունքը, որի տեսախցիկը ամբողջությամբ արձանագրել է դեպքը:

Երիտասարդ վրացի ոստիկանը՝ ձեռքիս տեսնելով դեղին մոմերը, հասկացավ, որ արժե համակարգչի մեջ ցույց տալ նկարները և տեսագրությունը: Ապա մոտեցավ մեկ այլ ոստիկան՝ երիտասարդ հայ հարևան Շահումյան հայաբնակ գյուղից:

Դեպքը տեղի է ունեցել ժամը 14.58-ին: «Օպել» մակնիշի մեքենան 180 կմ/ժամ արագությամբ մխրճվում է գլխավոր ճանապարհից դեպի ձախ թեքվող սպիտակ գույնի ավտոբուսին, որի մեջ վարորդն է ու նրա կինը: Ոստիկանները պատմեցին, որ ավտոբուսի վրացի վարորդը Բոլնիս քաղաքից գնում էր Ադրբեջան: Ոչ ոք չէր տուժել: Հարվածն այնքան ուժեղ է, որ ավտոբուսը շրջվում է կողքի վրա, իսկ «Օպելը»՝ մի բուռ դարձել:

Տեսագրվածը խնդրեցի ցույց տալ մի քանի անգամ:

Ապա ոստիկանները սկսեցին բացել վթարից հետո արված ֆոտոշարքը:

Սարսափելի էր, բայց ինձ վրա բազմաթիվ նկարներից միայն մեկը ազդեց: Կապույտ ջինսով Սոսեն մեջքով պառկած է գետնին, նրա կողքին շտապ օգնության մեքնենան է ու բուժքույրը:

«Այս պահին աղջիկը դեռ շնչում է»,- ասացին ոստիկանները:

Ես դուրս եկա և վթարի մասին ավելի մանրամասն պատմեցի Խարազին ու Բարսային, որոնց հետ գնում էի Թբիլիսի:

Ջախջախված մեքենաներն ու մարդիկ ինձ վրա մեծ տպավորություն չէին թողել: Իմ աչքի առաջ կապույտ ջինսով Սոսեն էր՝ մեջքնիվայր պառկած չոր հողին: Սոսեն, որին ես երբեք չէի տեսել, ծանոթ չէի նրան, այդ նկարում պայքարում էր կյանքի համար:

Ուժեղ քամին թույլ չտվեց վառել մոմերը: Մենք այն թողեցինք կիսավառ՝ սպիտակ սյան կողքը:

Այս կողմերով անցնելիս ամեն անգամ կհիշեմ Սոսեին ու Ալենին, որոնց կարգին չէի ճանաչում:

 

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում