Գլխավոր Լրահոս

Կառավարությունը գազի գնի սուբսիդավորման նոր աղբյուր է փնտրում

Կառավարությունը գազի գնի սուբսիդավորման նոր աղբյուր է փնտրում

Մեկ շաբաթ առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ կառավարությունը սուբսիդավորելու է ռուսական գազի ձեռքբերման գնի ($270/1000 խմ) 30%-ը։ Գործադիրը, սակայն, առայսօր չի մանրամասնել ոչ միայն սուբսիդավորման մեխանիզմները, այլև այն, թե ինչ միջոցների հաշվին է դա արվելու։ Ըստ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի՝ սուբսիդավորման հարցի շուրջ կառավարությունում ընթանում են քննարկումներ, շարունակվում են նաև բանակցությունները ռուսական կողմի հետ. այս ամենը ամփոփելուց հետո միայն պարզ կդառնա, թե ինչ լուծում կստանա խնդիրը։ Պարզ է միայն, որ այլևս չի քննարկվում ռուսական կողմին Որոտանի հէկերի համալիրը փոխանցելու հնարավորությունը։

Մայիսի 22-ին էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Հայաստանը չի պատրաստվում վաճառել Որոտանի հէկերի համալիրը՝ վերջնական սպառողի համար գազի գինը սուբսիդավորելու նպատակով։ Հարցին, թե այդ դեպքում կառավարությունն ինչ միջոցներով է սուբսիդավորելու ռուսական գազի ձեռքբերման գնի 30%-ը, նախարարը պատասխանեց, որ այս ուղղությամբ քննարկումները շարունակվում են։ Մեկ այլ հարցի, թե ինչով է պայմանավորված, որ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 1000 խմ ռուսական գազի մաքսային արժեքը 2012թ. կտրվածքով կազմել է $232,4 (1000 խմ հաշվով), Մովսիսյանը նշեց, որ բանակցությունները ռուսական կողմի հետ շարունակվում են, և ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ մինչև բանակցությունների ավարտը ռուսական գազը Հայաստան կառաքվի $180-ով։

Մոտավոր հաշվարկներով՝ Հայաստան առաքվող ռուսական գազի գնի 30%-ը սուբսիդավորելու համար 2013թ. հուլիսից մինչև 2014թ. հուլիս կառավարությունից կպահանջվի մոտ $140 մլն։ Պետբյուջեում նման միջոցների բացակայության պայմաններում գործադիրը երկու ճանապարհ ունի՝ կա՛մ վաճառել հերթական ակտիվը, կա՛մ նոր պարտք ներգրավել։

Որ կառավարությունը գազի գնի սուբսիդավորման աղբյուր դիտարկել է նաև ռուսական կողմին Որոտանի հէկերի համալիրի վաճառքի հնարավորությունը, ՍիվիլՆեթը գրել էր ավելի վաղ։ Նշվում էր, որ համալիրը թեև բարոյապես մաշված է, սակայն առկա են նրա վերազինման համար ֆինանսական անհրաժեշտ միջոցները։ 2010թ. վերջին կառավարությունը գերմանական KfW բանկի հետ ստորագրել է €51  մլն-ի վարկային պայմանագիր։ Միջոցներն ուղղվելու են Որոտանի համալիրի «Սպանդարյան», «Շամբ» և «Տաթև» հէկերի արդիականացմանը և վերազինմանը։ Արդիականացումից հետո, մոտավոր հաշվարկներով, Որոտանի համալիրն առնվազն $400  մլն կարժենա (համալիրի գումարային տեղակայված հզորությունը կազմում է 404,2 ՄՎտ)։

Հէկերի այս համալիրը ներկայում ապահովում է Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 15%-ը, որը, ի դեպ, ամենաէժանն է համակարգում։ Որոտանի հէկերի համալիրը 1 ԿՎտ/ժամ էլեկտրաէներգիան իրացնում է Դ4-ով, այն դեպքում, երբ օրինակ՝ Մեծամորի ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիայի գինը կազմում է Դ4,8/ԿՎտժ։ Համալիրի վաճառքը, սակայն, վտանգի տակ է դնելու Հայաստանի էներգետիկ անվտանգությունը, քանի որ բոլոր հիմնական էներգետիկ ակտիվները, բացառությամբ Երևան ջէկի և Մեծամորի ատոմակայանի, կենտրոնացված են լինելու ռուսական պետական ընկերությունների ձեռքում։

ՍիվիլՆեթի աղբյուրների փոխանցմամբ՝ կառավարությունը որպես գազի սուբսիդավորման աղբյուր ներկայում քննարկում է եվրապարտատոմսերի թողարկումը՝ չնայած վարչապետի հայտարարությանը, թե ներգրավվող միջոցներն ուղղվելու են ռուսական $500 մլն վարկի մարմանը։ Ծրագրվում է, որ կառավարության կողմից թողարկվելիք $500 մլն-ի եվրապարտատոմսերի մի մասը ձեռք է բերելու Ռուսաստանը։ Պարզ ասած՝ կառավարությունը Ռուսաստանից վարկային նոր միջոցներ է ներգրավելու, որոնք ուղղվելու են կրկին Ռուսաստան՝ 1000 խմ ռուսական գազի ձեռքբերման գնի՝ $270-ի 30%-ի սուբսիդավորման տեսքով։

Գազի գնի սուբսիդավորումից նախևառաջ շահելու է Ռուսաստանը, քանի որ մի կողմից աստիճանաբար անցում է կատարում Հայաստանի համար գազի գնի շուկայական գնագոյացման մեխանիզմի, մյուս կողմից՝ 10 տարի ժամկետով տրամադրում է փոխառություն՝ տարեկան 6,1% տոկոսադրույքով (եվրապարտատոմսերի տարեկան եկամտաբերությունը)։

Համեմատության համար՝ 2009թ. Ռուսաստանի կողմից Հայաստանին 15 տարով տրամադրած $500 մլն վարկի տոկոսադրույքը կազմում է Libor+3% (մայիսի 15-ին դրությամբ՝ 6-ամսյա Libor-ը կազմել է 0,74%), վարկի մայր գումարի մարումը հավասարաչափ բաշխված է ըստ տարիների, այն դեպքում երբ եվրապարտատոմսերի դեպքում մայր գումարը պետք է մարվի վերջին՝ 10-րդ տարում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում