Հինգ օրով ՍիվիլՆեթի նկարահանող խումբը անցկացրեց այն վայրերում, որոնք խորհրդանշում են Հայաստանի Առաջին Հանրապետության ծնունդը: Մենք վարեցինք-անցանք շուրջ երկու հազար կիլոմետր ճանապարհներով՝ Երևանից Էջմիածին՝ Մայր Տաճար, ապա Սարդարապատի հուշահամալիր, այնտեղից՝ Բաշ Ապարանի բարձունք, որտեղ ամփոփվում է անվեհեր Դրոյի աճյունը: Մեր ֆիլմը կամ պատմական երկար ռեպորտաժը հավանաբար պատրաստ կլինի մինչև մայիսի 28-ը՝ Հանրապետության օրը:
Հաջորդ օրը մենք եղանք Ալեքսանդրապոլ-Գյումրիում, որը երկու տարվա ընթացքում՝ 1918-1920 թթ., երկու անգամ, երկու դեպքում էլ առանց կռվի ու կրակոցի, հանձնվել է թուրքերի ու Արևելյան ճակատի հրամանատար Քյազիմ Կարաբեքիր փաշայի գթասրտությանը: Գյումրիից անցանք Ղարաքիլիսա-Վանաձոր, որտեղ կռվել են կամ պետք է կռվեին մեր նշանավոր հրամանատարներից երկուսը՝ Անդրանիկն ու Նժդեհը: Թուրքերը հանդիպեցին հայ բնակչության դիմադրությանը, սակայն կարողացան գրավել Ղարաքիլիսան և անցան դեպի Ղազախ: Մի քանի հազար բնակիչ կոտորվեց Ղարաքիլիսայում ու շրջակա տարածքներում:
Սարդարապատում ու Բաշ Ապարանում տասնամյակներ առաջ՝ Խորհրդային Հայաստանի ղեկավարության ջանքերով կանգնեցվել են հուշահամալիրներ: Ղարաքիլիսան չունի հուշահամալիր՝ մի փոքրիկ հուշարձան է ու Կոտրված եկեղեցին: Պատճառը հավանաբար այն է, որ Ղարաքիլիսայում հայկական զորքը, բայց ոչ ժողովուրդը, իրական կռիվ չի տվել հակառակորդի դեմ, որը այս կողմերով պիտի փորձեր անցնել Ղազախ ու Թիֆլիս:
Մենք մեկ օր անցկացրինք Թիֆլիսում, որը 1918-ին Կովկասի կենտրոնն էր, որտեղ հաստատվել էր արևելահայ բուրժուզաիան և քաղաքական միտքը, որտեղ մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանը: Ապա ուղևորվեցինք Բաթում: Նախքան Սարդարապատի ու Բաշ Ապարանի հերոսամարտերը և Հայաստանի Առաջին Հանրապետության ծնունդից հետո հայ բանագնացները՝ Հովհաննես Քաջազնունին, Ալեքսանդր Խատիսյանն ու Միքայել Պապաջանյանը, հենց Բաթումում են բանակցություններ վարել թուրք պատվիրակների հետ: Հենց Բաթումում է Հայաստանի Հանրապետությունը ստորագրել միջազգային առաջին պայմանագիրը՝ Հաշտության և բարեկամության դաշնագիրը Օսմանյան կայսերական կառավարության հետ: Ճակատագրի հեգնանքով, հենց այդ օրը՝ 1918թ. հունիսի 4-ին, Հայաստանը առաջինը ճանաչել է Օսմանյան Թուրքիան:
Բաթումից շարժվեցինք դեպի Սարպի, ապա անցանք թուրք-վրացական սահմանը: Կեսգիշերին մոտ հասանք Արդվին՝ կանաչապետ բլուրներին նստած քաղաք, որտեղ ծնվել է Խորհրդային Հայաստանի սիրված առաջնորդներից Յակոբ Զարոբյանը: Մյուս օրը վաղ առավոտյան շարժվեցինք դեպի Շավշատ ու Արդահան:
Մեկ ամբողջ օր նկարեցինք Անին, կես օր՝ Կարսը, ապա վրաց-թուրքական մյուս սահմանադռնով՝ Թյուրքգյոզյու-Վալե հատվածով, անցանք հայահոծ Ախալցխա, Ախալքալաք ու Նինոծմինդա, այնտեղից Գյումրի ու Երևան:
Այս ճանապարհներով ես առաջին անգամ չէի անցնում: Այս ճանապարհներով ես անցել եմ բազում անգամներ: Այս անգամ իմ ուշադրությունը գրավեցին ճանապարհները, ավելի ճիշտ՝ ճանապարհների փոսերը, որոնք գրեթե բացակայում էին Վրաստանում ու Թուրքիայում:
Հայաստանում ճանապարհները փոսեր են: Երևանից դուրս ես գալիս ու սկսվում են փոսերը: Որոշ հատվածներում, օրինակ՝ Գյումրիում, ճանապարհ՝ որպես այդպիսին, գոյություն չունի: Մի քանի կիլոմետրի վրա կարելի է հաշվել հազարավոր փոսեր: Անձրևից հետո դրանք դառնում են ջրափոսեր:
Վերադառնալով տուն՝ փորձեցի կարդալ, լսել կամ դիտել վերջին մի քանի օրերի քաղաքական իրադարձությունները, որոնք բաց էի թողել հինգ օրերի ընթացքում: Նախագահականից, կառավարությունից, Ազգային ժողովի ամբիոնից ու Ֆեյսբուքյան էջերից մեր «փոսընտիր» իշխանավորները արդարանում են, խոստումներ տալիս, ծաղրում ընդդիմությանը:
Նրանց ներկայացրած Հայաստանը որևէ ընդհանրություն չունի այն Հայաստանի հետ, որ դու տեսնում ես իրականում: Իրականում, Հայաստանը, ինչպես կասեր Կարեն Սերոբիչը, փոսի մեջ է:
Հայաստանի ճանապարհները փոսեր են, հայ քաղաքական միտքը փոսի մեջ է: «Առաջ Հայաստանը», «Ապահով Հայաստանը» փոսի մեջ են: Մենք կամաց-կամաց հարմարվում ենք փոսի օրենքներին: Նրանք, ովքեր չեն ուզում ապրել փոսի մեջ և ունենալ «փոսընտիր» նախագահ, կառավարություն ու Ազգային ժողով, գտել են փրկության ճանապարհը: Հայաստանից դուրս եկող ճանապարհները բաց են, իսկ մեր երկրից դուրս փոսեր չկան:
Իսկ մեզ՝ փոսի բնակիչներիս, մնում է հարմարվել: Այսօր մայիսի 23-ն է: 95 տարի առաջ այս օրերին հայ ժողովուրդը կռիվ էր տալիս թուրք ջարդարարների դեմ, որոնք անցնելով Արաքսն ու Ախուրյանը՝ բոլոր կողմերից շրջափակել էին Արարատյան բարեբեր դաշտավայրը: Միակ փրկությունը կռվելն էր ու պատվով մեռնելը: 95 տարի առաջ կերտվեց Սարդարապատը, Բաշ Ապարանը, ծնվեց Հայաստանի Հանրապետությունը: Անշուք էր այդ ծնունդը, բայց հենց Առաջին Հանրապետության ստեղծման շնորհիվ մենք այսօր ունենք անկախ Հայաստան ու «փոսընտիր» իշխանություն:
Այսօր մեր կռիվը փոսի մեջ է: Ի՞նչպես դուրս գալ այս փոսից: Ես չգիտեմ դուրս գալու ճանապարհը:
Թաթուլ Հակոբյան










