Կառավարությունն իր այսօրվա` մայիսի 23-ի նիստում հաստատեց Արմավիրի մարզի կարկտահարությունից տուժած գյուղացիական տնտեսություններին օժանդակելու ծրագիրը: Ներկայացնելով ծրագիրը` վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ մայիսի 22-ին Արմավիրի մարզ կատարած այցի ժամանակ գյուղացիական տնտեսություններին ցուցաբերվող աջակցության հարցերը քննարկվել են գյուղապետերի հետ, և նրանց կողմից կատարված առաջարկները ևս ընդունվել են:
Ըստ Տիգրան Սարգսյանի` Արմավիրի մարզում կարկտահարությունից տուժած 46-ից 22 համայնքում բերքը վնասվել է 100%-ով, իսկ մյուս համայնքներում վնասնի չափը տարբեր է: Նրա խոսքով` վնասը հասցվել է խաղողի այգիներին, պտղատու այգիներին և բանջարաբոստանային մշակաբույսերին:
Վարչապետը նշեց, որ գյուղացիական տնտեսությունների համար օժանդակության ծրագրերը կազմակերպելիս հաշվի են առնվել, որ խաղողի այգիների վերականգնման համար անհրաժեշտ է 3 տարի, պտղատու այգիների դեպքում` 1-3 տարի, իսկ բանջարաբոստանային մշակաբույսերի դեպքում վնասների վերացման համար հնարավոր է` ավելի քիչ ժամանակ պահանջվի:
«Հասկանալի է, որ դա նշանակում է, որ գյուղացիական տնտեսություններն ունենալու են լուրջ տնտեսական խնդիրներ` կապված վարկերի սպասարկման, հողի հարկի և ջրի վարձի հետ: Նրանց պետք է օժանդակություն ցուցաբերել»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքով` կառավարությունը որոշել է 22 համայնքի օժանդակել հողի հարկի գծով, իսկ 24 համայնքների, որ կրել է 100-տոկոսանոց վնաս, հողի հարկի գծով կտրամադրվի 100-տոկոսանոց օժանդակություն: Մնացած տնտեսություններին կցուցաբերվի հողի հարկի գծով 50-տոկոսանոց օժանդակություն: Ըստ վարչապետի` նախնական գնահատականներով` հողի հարկի գծով օժանդակության ցուցաբերման համար կպահանջվի 100 մլն դրամ: Կառավարությունը կօժանդակի նաև ջրի հարցի գծով և ինչպես հողի հարկի դեպքում առավել տուժած համայնքներում կցուցաբերվի 100-տոկոսանոց օժանդակություն, մնացած 24 համայնքներում` 50-տոկոսանոց օժանդակություն: Այս միջոցառման համար կպահանջվի 530 մլն դրամ:
Տիգրան Սարգսյանի խոսքով` կառավարությունը նաև որոշել է, որ անհրաժեշտ է կառուցել հակակարկտային կայանների երկրորդ շերտ, որպեսզի հնարավոր լինի նվազագույնի հասցնել կարկտահարության ռիսկերը: Նախնական գնահատականներով` երկրորդ շերտը բաղակացած կլինի 50 հակակարկտային կայաններից, և այս նպատակով կպահանջվի մոտ 350 մլն դրամ:
Վարչապետն ասաց, որ գյուղացիական տնտեսությունների հետ մայիսի 22-ին կայացած հանդիպմանը նշվել է, որ գործադիրը կօժանդակի վերակառուցել գյուղացիական տնտեսությունների վարկերը` դոլարայինը դարձնելով դրամային և այդ նպատակով կառավարությունը Կենտրոնական բանկին կտրամադրի համապատասխան միջոցներ:
Տիգրան Սարգսյանը հիշեցրեց, որ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը խոստացել է, որ գյուղացիական տնտեսությունների վարկերի ժամկետների և տոկոսադրույքների հետ կապված խնդիրների նպատմամբ կցուցաբերվի անհատական մոտեցում, և բոլորին կտրվի օժանդակություն:
Ի դեպ` վարչապետն ասաց, որ կարկտից վնասները հասցվել են Արմավիրի մարզի 46 համայնքի 17 հազ. հա հողատարածությանը` միաժամանակ չհստակեցնելով, թե գումարային արտահայտությամբ որքան վնաս է հասցվել: Սակայն նշենք, որ նախնական գնահատականներով` վնասի չափը կարող է կազմել մինչև 25 մլրդ դրամ:
Civilnet











