Հայաստանում սեպտեմբերից կարող է ներդրվել գյուղատնտեսության ապահովագրության ֆինանսական գործիք։ «ԻՆԳՈ Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասում է, որ ընկերությունն իր օրինակով ցանկանում է վերջ դնել իրավիճակին, երբ գյուղատնտեսությունը չի ապահովագրվում։ Ընկերություն փորձելու է ձևավորել նաև պահանջարկ, որը թույլ կտա ոլորտում երկարաժամկետ ծրագրեր իրականացնել, և ոչ թե ապահովագրել մեկ տարով, կրել վնասներ ու դուրս գալ ապահովագրության այդ սեգմենտից։
- Պրն Ալթունյան, անընդհատ հայտարարվում է գյուղատնտեսության ապահովագրության մասին, թեև առ այսօր որևէ քայլ չի կատարվել այդ ուղղությամբ։ Ապահովագրատեսակը, իհարկե, թանկ է. ի՞նչ է անհրաժեշտ այդ ուղղությամբ առաջին քայլերն անելու համար։
- Ապահովագրությունը ո՛չ զեղջային համակարգ է, ո՛չ էլ դոտացիոն։ Ապահովագրությունը ֆինանսատնտեսական համակարգ է, որը թույլ է տալիս մեղմել տատանումների ազդեցությունը տնտեսության վրա՝ այն դարձնելով կայուն և կայուն զարգացող։ Սա նշանակում է, որ եթե 10 կամ 20 տարվա կտրվածքով գյուղատնտեսության ոլորտի վնասները ընդհանուր առմամբ $1 մլրդ են կազմելու, ապա նույն այդ ընթացքում ապահովագրական ընկերությունները պետք է կարողանան նույնքան ապահովագրավճարներ հավաքագրել, ինչը նրանց հնարավորություն կտա փոխհատուցել վնասները։
Որպեսզի պատկերացնենք ապահովագրության գինը, բերեմ մի քանի օրինակ։ Տեսեք՝ Ավստրալիայում հինգ տարի անընդմեջ խաղողի բերքը վնասվում է։ Այս տարի բերքի ապահովագրությունն արժեր ենթադրվող ապահովագրական գումարի 18%-ը։ Բայց եթե այս տարի ևս խաղողի բերքը վնասվի, գալիք տարվա համար ապահովագրավճարը կկազմի արդեն 25%։ Ընդ որում՝ ոչ ոք չի ասում, որ դա թանկ է, քանի որ ապահովագրական ընկերությունները հատուցելու են վնասները։ Ռուսաստանի կենտրոնական հատվածում հացահատիկի ապահովագրությունն արժե 8-11%, անասնապահության ապահովագրությունը՝ 3-5%։ Սրանք ինդիկատիվ գներ են, հասկանալու համար, թե ինչ է նշանակում՝ գյուղատնտեսության ապահովագրությունը թանկ է։
Գյուղատնտեսության ապահովագրության դեպքում չենք կարող հույսներս դնել միայն գյուղացիական տնտեսությունների ապահովագրավճարների վրա, իր դերակատարությունը պետք է ունենա նաև պետությունը։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ պետությունները մասնակցում են տարբեր չափերով, բայց ոչ պակաս քան 50%-ով։ Դեպքեր կան, երբ պետությունը գյուղատնտեսության ապահովագրությունում մասնակցում է 70-80%-ի չափով։
Երբ մենք հասկանանք, թե պետությունը տարեկան կտրվածքով որքան գումար է ուղղում երաշտի, ջրհեղեղների, ցրտահարությունների, կարկտի դեմ պայքարին, ապա կկարողանանք մոտավոր պատկերացում կազմել, թե ինչ չափով է նա ունակ մասնակցելու գյուղատնտեսության ապահովագրությանը։ Ըստ այդ մասնակցության չափի էլ ապահովագրողները կկարողանան արդեն համապատասխան պրոդուկտներ առաջարկել։
- Ապահովագրական ընկերությունները չեն պատրաստվո՞ւմ դիմել կառավարությանը՝ գյուղատնտեսության ապահովագրության համակարգ ներդնելու հարցով։
- Առաջիկայում մեր ընկերությունը կներկայացնի գյուղատնտեսության ապահովագրության իր ռազմավարությունը։ Այն արդեն ուղարկվել է Մոսկվա՝ մեր ընկերության գլխամաս, որտեղ այս պահին փաստաթուղթը համաձայնեցվում է ղեկավարության հետ։ Կարծում եմ՝ մինչև հունիսի վերջ-հուլիսի սկիզբ մենք կներկայացնենք ռազմավարությունը և՛ կառավարությանը, և՛ գյուղացիական տնտեսություններին վարկավորող կազմակերպություններին, և՛ հանրությանը։ Ամենայն հավանականությամբ, սեպտեմբերից արդեն շուկային կառաջարկենք ապահովագրական այդ պրոդուկտը։
Մենք մեր օրինակով ցանկանում են վերջ դնել իրավիճակին, երբ գյուղատնտեսությունը չի ապահովագրվում։ Կներկայացնենք առաջարկը, կփորձենք ձևավորել նաև պահանջարկ, որը թույլ կտա երկարաժամկետ ծրագրեր իրականացնել այս ոլորտում, և ոչ թե մեկ տարի ապահովագրել, հետո կրել վնասներ ու դուրս գալ ապահովագրության այդ սեգմենտից։
Պետության կողմից կա պատրաստակամություն՝ ուսումնասիրելու մեր ռազմավարությունը, խաղի կանոնները, որոնք մենք կառաջարկենք։ Տարբեր գերատեսչությունների, հատկապես գյուղատնտեսության նախարարության կողմից կան ազդակներ, որ այս պրոդուկտը հետաքրքիր նաև իրենց։
- Գիտե՞ք արդեն, թե որ մարզերից եք սկսելու։
- Ռազմավարությունը դեռ չի հաստատվել, բայց պարզ է, որ լինելու նախ պիլոտային ծրագիր՝ կառավարության և գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ։ Այսօր կարող եմ միայն ասել, որ չեն լինելու, այսպես ասենք՝ «ծայրահեղ անհաջող շրջաններ», որտեղ ամեն տարի կարկտահարության կամ ցրտահարության դեպքեր են արձանագրվում։ Չեն լինի նաև շրջաններ, որտեղ երբեք բնական աղետներ չեն լինում։ Կփորձենք ինչ-որ սահմանափակ տարածքում, այսպես ասած՝ «գյուղատնտեսության միջին շերտում», կձևավորենք ապահովագրության սակագին։
Մոսկվայում որոշում է կայացվել սկզբնական շրջանի համար ապահովագրել անասնապահության ոլորտը, միաժամանակ կմշակենք նաև բուսաբուծության ոլորտի ապահովագրության պրոդուկտ։
- Այսօր գյուղացիական տնտեսություններն արտադրությունը կազմակերպում են հիմնականում վարկային միջոցներով. սա նշանակում է, որ նրանք լրացուցիչ ֆինանսական ծախսեր են կրելու՝ ապահովագրություն մասով։
- Իհարկե, ապահովագրությունը լրացուցիչ ֆինանսական բեռ է։ Մենք հասկանում ենք, որ գյուղացին այսօր ի վիճակի չէ միայնակ վճարել այդ գումարները, անհրաժեշտ է պետության մասնակցությունը, գոնե առաջին մի քանի տարվա ընթացքում։ Բայց գյուղացիական տնտեսությունները պետք է հաշվի առնեն, որ բնական աղետների դեպքում կարող են լուրջ ֆինանսական վնասներ կրել, ինչպես դա եղավ, օրինակ՝ Արմավիրի մարզում։
Ապահովագրությունը կարող է հնարավորություն ստեղծել նաև վարկային միջոցների էժանացման համար։ Այսօր վարկային միջոցների տոկոսները բարձր են, քանի որ գյուղատնտեսությունը բարձր ռիսկային ոլորտ է համարվում։ Ապահովագրությունը թե՛ տնտեսությանը, թե՛ գյուղացիական տնտեսություններին հնարավորության կտա երկարաժամկետ կանխատեսումներ կատարել, ծրագրերն իրականացնել առանց մտավախության, թե ինչ կլինի, եթե այս տարի կարկուտ լինի, կամ երաշտ։
- Մտնելով գյուղատնտեսության ապահովագրության սեգմենտ՝ ապահովագրության ընկերությունները լուրջ ռիսկեր չեն կրելո՞ւ, եթե հաշվի առնենք, որ մեզանում ենթակառուցվածքները կա՛մ թերի զարգացած են, կա՛մ չեն գործում։
- Երբ ապահովագրական ընկերությունը մուտք է գործում ապահովագրության այս կամ այն սեգմենտ, պետք է ճիշտ գնահատի բոլոր ռիսկերը, առկա ենթակառուցվածքները։ Ռիսկերի աստիճանից է կախված ապահովագրության գինը։ Իհարկե, եթե գոյություն ունենար հակակարկտային կայանների ընդգրկուն ցանց, կամ գյուղացիական տնտեսություններն իրենք ցանցապատեին դաշտերը, ապա կարկտից ապահովագրությունը կարժենար ասենք՝ 0,5 կամ 1%։ Բայց եթե չկա այդ ամենը, ապա մենք խոսում ենք արդեն 5-7%-ի մասին։
Բացի այդ՝ մենք վերաապահովագրելու ենք մեր ռիսկերը։ Հաշվարկել ենք, որ եթե ապահովագրողը ունենա 5-7 հաջողված տարի, և ստիպված չլինի հավաքագրված ողջ գումարներն ուղղել հատուցումների, ապա ինքը արդեն կկարողանա միջոցներ ձեռնարկել հակակարտային կայանների ցանցի ընդլայնման համար, կամ գյուղացիական տնտեսություններին հնարավորություններ կընձեռի հակակարկտային ցանցեր տեղադրելու համար։ Ի վերջո, ապահովագրողն այս կերպ նվազեցնում է նաև սեփական ռիսկերը՝ որպես արդյունք ունենալով ապահովագրական էժան պրոդուկտ։
Civilnet











