Գլխավոր Լրահոս

Գործադիրը ծեծում է կարկուտի տեղում

Գործադիրը ծեծում է կարկուտի տեղում

Մայիսի 12-ի կարկտահարության հետևանքով Արմավիրի մարզի 46 համայնքում վնասվել է ընդհանուր առմամբ 17 հազ. հա հողատարածք. վնասի չափը նախնական գնահատականներով կազմել է շուրջ Դ25 մլրդ։ Մայիսի 13-ի նիստում գործադիրը տուժած համայնքներին օժանդակություն ցուցաբերելու որոշում է ընդունել. օժանդակության չափը գնահատվում է մոտ Դ1,1 մլրդ կամ հասցված վնասի 1/25-րդը։

Կառավարության մայիսի 13-ի նիստին ներկայացնելով կարկտահարությունից տուժած Արմավիրի մարզի 46 համայնքներին օժանդակություն ցուցաբերելու որոշման նախագծերը («Արմավիրի մարզում տեղի ունեցած կարկտահարության հետևանքները վերացնելու միջոցառումների մասին», «Հակակարկտային կայանների քանակն ավելացնելու և հակակարկտային կայաններն ընդհանուր լոկացիոն ցանցի մեջ ներառելու մասին», «Տուժած համայնքները հողի հարկից և ջրի վարձից ազատելու մասին», «Վարկերի դրամայնացման և սուբսիդավորման մարման ժամկետները երկարաձգելու մասին»)՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ վնասվել է 17 հազ. հա հողատարածք, ընդ որում՝ 46 համայնքից 23-ում բերքը լիովին ոչնչացել է։

Վարչապետի խոսքով՝ վնասը բաժանվում է երեք մասի՝ խաղողի այգիներ, պտղատու այգիներ և բանջարաբոստանային տնտեսություն։ Խաղողի այգիների առումով գյուղացիական տնտեսությունները օժանդակության կարիք են ունենալու երեք տարի շարունակ, պտղատու այգիների վերականգնման համար պահանջվելու է մեկ-երկու տարի, բանջարաբոստանային տնտեսությունները հնարավոր է ավելի արագ վերականգնել: «Հասկանալի է, որ մեր գյուղացիական տնտեսություններն ունենալու են ֆինանսական խնդիրներ առևտրային բանկերի, վարկային կազմակերպությունների նկատմամբ իրենց պարտավորությունները կատարելու առումով, նաև հարկային պարտավորությունները, ջրի վճարները», – նշեց վարչապետը։

Վարչապետի խոսքով՝ առավել տուժած 22 համայնքում ամբողջությամբ հատուցվելու են հողի հարկի վճարները։ Մնացած 24-ում հատուցումները կլինեն ըստ կորուստների չափի՝ 20-50%. համայնքի ղեկավարներն աշխատելու են գյուղացիական տնտեսությունների հետ և ներկայացնելու են ցուցակներ։ Ըստ Սարգսյանի՝ խոսքը մոտ Դ200 մլն-ի մասին է։ Նույն սկզբունքով հատուցվելու է նաև ջրի վարձը։ Այստեղ գումարներն ավելի մեծ են՝ Դ530 մլն։

Մասնագետների ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հակակարկտային կայանները 100-տոկոսանոց արդյունք չեն երաշխավորում, թեև միջին ուժգնության կարկուտների դեպքում նրանց արդյունավետության գործակիցը կազմում է մոտ 60%։ «Որպեսզի այդ ռիսկերը մենք ամբողջական կարողանանք կառավարել և նվազեցնել, անհրաժեշտ է Արմավիրի մարզում կառուցել երկրորդ պաշտպանողական շերտը՝ մոտավորապես 50 հակակարկտային կայան՝ յուրաքանչյուրը շուրջ Դ6,2-Դ6,3 մլն արժողությամբ։ Այդ նպատակով կառավարությունը կհատկացնի Դ350 մլն», – ասաց վարչապետը։

Հաջորդ խնդիրը վերաբերում էր առևտրային բանկերի տոկոսադրույքներին, ինչպես նաև ժամանակահատվածին, որը տրամադրվելու է գյուղացիական տնտեսություններին՝ ոտքի կանգնելու համար։ «Մենք գյուղացիներին խոստացել ենք իրենց արտարժութային վարկերը փոխարկել դրամայինի։ Այդ նպատակով Կենտրոնական բանկին կտրամադրենք դրամային միջոցներ մեր վարկային միջոցներից, որ այսօր ունենք Կենտրոնական բանկի մեր հաշիվներում։ Այս կետը նույնպես ներառված կլինի մեր ծրագրում», – ասաց վարչապետը։
Վարչապետի՝ մայիսի 22-ին Արմավիրի մարզ կատարած այցի ժամանակ գյուղացիական տնտեսությունների կողմից բարձրացվել է նաև գյուղատնտեսության ապահովագրության խնդիրը։ «Խնդիրը մենք քննարկեցինք համայնքների ղեկավարների, գյուղացիների հետ և այդ ուղղությամբ հետագա աշխատանքները նպատակահարմար չգտանք։ Ապահովագրական համակարգի ներդրումը ենթադրում է պարտավորություններ ու ամեն ամիս ապահովագրական վճարներ, այն պարագայում, երբ նրանք այդպիսի ֆինանսական հնարավորություններ չունեն։ Ապահովագրությունը բավական ծախսատար գործառույթ է և կարող է արդյունավետ լինել, եթե Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքով գյուղատնտեսությունը ներդնի ապահովագրական համակարգ։ Սա ևս լինելու է բավական ծախսատար», – ասաց վարչապետը՝ հավելելով, որ ապահովագրությունն այսօրվա խնդիր չէ։

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշեց, որ վնաս կրած համայնքների վարկառուներին առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունները ցուցաբերելու են անհատական մոտեցում։
Տարբեր են վարկերի ծավալները, ժամկետայնությունը, գումարները, գրավադրված առարկաները, ուստի յուրաքանչյուր առանձին դեպքում պետք է առանձին որոշում ընդունել։ Ջավադյանը հաստատեց վարչապետի հայտարարությունը, թե գյուղացիական տնտեսությունների արտարժութային վարկերը փոխարկվելու են դրամայինի և սուբսիդավորվելու են կառավարության կողմից։
Առևտրային բանկերը վարկերը կտրամադրեն տարեկան 14% տոկոսադրույքով, կառավարությունը կսուբսիդավորի տոկոսադրույքի 4%-ը։ Բանկերի կողմից տրամադրված վարկերը կվերաֆինանսավորվեն կառավարության կողմից։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում