Գլխավոր Լրահոս

Մանկուրտ լինելու ամենալավ ժամանակը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն իսկական նվաճում է համարում, որ լրագրողները գիտեն, թե ինչ ունեցվածք ունի Տարոն Մարգարյանը կամ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը։ Ինքն, իհարկե, ասում է, որ Գագիկ Խաչատրյանի ունեցվածքի մասին պատկերացում չունի, սակայն լրագրողին ակնարկում է, որ եթե վերջինս լրագրության փոխարեն զբաղվեր այն գործով, որով Գագիկ Խաչատրյանն է զբաղվում, ինքն էլ կհարստանար։ Այսպիսի մտածողությունից հետո ինչպե՞ս կարելի է հույս ունենալ, որ ՀՔԾ-ն վարույթ կընդունի Տարոն Մարգարյանի ունեցվածքի ձեռքբերման աղբյուրների օրինականության մասին հայցը։ Իհարկե, չի ընդունի։ Որովհետեւ ՀՔԾ-ի պետը պետք է մտածեր ոչ թե քննիչ կամ իրավաբան դառնալու, այլ Անդրանիկ Մարգարյանի որդին լինելու մասին։ Յուրաքանչյուր հայ պետք է մտածի պետական պաշտոնյա դառնալու մասին։ Ընդհանրապես, հանրապետականը անպատժելիության բացառիկ զգացումներ է ունենում հատկապես ավագանու ընտրություններից հետո։ Գալուստ Սահակյանն արդեն հրապարակավ, ԱԺ ամբիոնից վիրավորում է վարչական եւ ընդհանրապես որեւէ լծակ չունեցող ընդդիմադիր պատգամավորին նրան անվանելով զրո։ Մի արտահայտություն է անում, որն ընդհանրապես բնորոշում է անպատժելիության բացառիկ կարգավիճակը, որն այսօր ունի ՀՀԿ-ն։ ԱԺ ամբիոնից Գալուստ Սահակյանն ասում է՝ առանց ձեզ էլ կարող ենք։ Իսկ Տիգրան Սարգսյանը համագործակցության կոչ է անում։ Ու՞մ եք անում այդ կոչը։ Ի՞նչ է նշանակում համագործակցության կոչը ընտրությունները կեղծելուց եւ ՀՔԾ-ի ձեռքերը կապած պահելուց հետո։ Ընդհանրապես ձեր ինչի՞ն է պետք ընդդիմությունը։ Ոչ թե դասական իմաստով, այլ վերջին մեկ տարվա ընթացքում քաղաքական բոլոր բարձունքները գրավելուց հետո։ Ուրիշ ի՞նչ պիտի անի Լեւոն Զուրաբյանը ձեզ քննադատելուց բացի։ Եվ ինչու՞ է Տիգրան Սարգսյանը ցուցադրաբար խոսում Նիկոլ Փաշինյանի հետ։ Որպեսզի ցույց տա, որ փոխըմբռնու՞մ կա։ Ինչի՞ շուրջ։ Ավելին, հարց է մնում խորհրդարանական մյուս քաղաքական ուժերն ի՞նչ գործ ունեն այսօրվա Ազգային Ժողովում, եթե հիշենք, որ առաջիկա 4 տարում նրանք չեն կարողանալու ազդել բացարձակապես ոչ մի օրինագծի ընդունման կամ չընդունման վրա։ Լրագրողը Տիգրան Սարգսյանին հարցնում է՝ կարծես թե վիճակը գնալով ավելի է վատանում, միգուցե հեծանիվո՞վ գնաք գործի։ Վարչապետն ասում է՝ թողեք ինքս որոշեմ, թե ինչպես երթեւեկել։ Հասկանու՞մ եք, անպատժելիության զգացումը արդեն ոչ միայն պատասխանի մեջ է։ Արդեն ոճի մեջ են դնում անպատժելիությունը։ Պարզ չէ՞, որ Սերժ Սարգսյանն ամբողջ հանրապետականին թույլ է տվել թուլանալ երեք մասշտաբային ընտրություններից հետո։ Արմեն Աշոտյանը բացառիկ նախադասություն է ասում, երբ Լեւոն Զուրաբյանը վկայակոչելով Վերահսկիչ Պալատի բացահայտումները, նրան մեղադրում է կես միլիոն դոլարի չարաշահում թույլ տալու մեջ։ Արմեն Աշոտյանը հակադարձում է (մեջբերումը՝ բառացի). «Եթե մենք բյուջեի մսխողներ լինեինք, ապա եզրակացության վրա կփորձեինք ազդել, որպեսզի եզրակացությունը լինի դրական եւ այդտեղից բացվեին մի քանի միլիոն դոլար օգտագործելու հնարավորություններից»։ Հասկանու՞մ եք, գիտի, որ կարող է ազդել, գիտի, որ Իշխան Զաքարյանի բացահայտելով չի, այլ իրենց թույլ տալով է, թե ինչ բացահայտի Իշխան Զաքարյանը։ Անպատժելիությունը, հիշեք, ազնվության միակ եղանակն է միայն հրեշի ձեռքին։ Ուրիշ ի՞նչ անի։ Ու՞մ հաշվետու լինի Տարոն Մարգարյանը։ Ումի՞ց վախենա Արմեն Աշոտյանը։ Հովիկ Աբրահամյանը կառավարության ծրագրի մասին ամփոփիչ ելույթում բոլոր քաղաքական ուժերին համերաշխության կոչ է անում եւ հատուկ նշում է. «2008-ից հետո ամենանպաստավոր ժամանակն է իրականացնելու այս ծրագրերը եւ կասեցնելու արտագաղթը»։
Նկատեցի՞ք։ Չի խոսում ոչ մի իրավական հանցագործության մասին, այլ կոչ է անում առաջ նայել։ Ուզում է ասել, որ մանկուրտ լինելու ավելի լավ ժամանակ չկա, նա ամբողջ երկրին կոչ է անում մանկուրտ լինել եւ թույլ տալ, որ Հանրապետականն աշխատի։ Այսինքն, մաքուր էջը շփոթում է մանկուրտության հետ։ Իսկ մաքուր էջից սկսելու կոչ կարող է անել միայն ընդդիմությունը։ Իշխանության գործը մանկուրտներին ապավինելն է։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում