Հայաստանի և Թայվանի միջև գործարար կապերի և տնտեսական համագործակցության զարգացման նպատակով Հայ-թայվանական առաջին բժշկական կոնֆերանսի շրջանակում մայիսի 24-ին Երևանում անցկացվեց նաև գործարար համաժողով։
Կազմակերպիչներից «Հայ-թայվանական ալյանս» կազմակերպության ներկայացուցիչ Սամվել Չախալյանի խոսքով՝ գործարար համաժողովի հիմնական նպատակը երկու երկրների գործարարների շփումների ակտիվացումն է, քանի որ Հայաստան ներկրվում է զգալի ծավալով թայվանական արտադրանք՝ հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիայի ոլորտի (համակարգիչներ, բջջային հեռախոսներ)։ «Գործարարների հանդիպումը հնարավորություն կտա կապեր հաստատել անմիջապես արտադրողների հետ։ Թայվանում լուրջ զարգացած է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, այստեղ առկա են համագործակցության լուրջ հնարավորություններ ՏՏ ոլորտի հայկական ընկերությունների հետ»,- նշեց Չախալյանը։
Համաժողովին մասնակցում էր նաև Թայվանի ոգելից շուկայի խոշոր դիստրիբյուտորական Shu Tanda Mesozion ընկերության տնօրեն Չին Յուան Չենը։ Նա հետաքրքրված էր հայկական կոնյակով և գինիներով, քանի որ Թայվանում կոնյակի օգտագործման լուրջ ավանդույթներ կան։
Acer ընկերության առևտրային ցանցի տնօրեն Սիմոն Լիուն ՍիվիլՆեթի թղթակցի հետ զրույցում նշեց, որ թեև հայաստանյան շուկան մեծ չէ, սակայն Acer-ը հետաքրքրված է իր արտադրանքի առաջմղումով նաև այս շուկայում։ Ընկերությունը մասնագիտացված է ոչ միայն դյուրակիր համակարգիչների արտադրության ոլորտում, այլև լուրջ քայլեր է կատարում պլանշետների արտադրության ուղղությամբ։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առաջիկա տարիներին կտրուկ ավելանալու են պլանշետների, սմարթֆոնների վաճառքները։ «Մենք կարևորում ենք հայկական շուկան և ցանկանում ենք ընդլայնել մեր ներկայությունը հայկական շուկայում»,- ասաց նա։
2012թ. Թայվանից Հայաստան է ներկրվել ընդհանուր առմամբ $11 մլն-ի ապրանք՝ հիմնականում համակարգիչներ, սառնարաններ, օդորակիչներ։ Հայաստանի արտահանումը Թայվան կազմել է $21 հազ.։
Civilnet











